04/07/2023 11:52
Հայաստանը հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և ամեն քայլ ձեռնարկում է այդ ուղղությամբ. Արթուր Հովհաննիսյան
Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստում:
«Տիկնա'յք եւ պարոնա'յք,
Թեեւ մեզ շրջապատող խորը մտահոգությունները կարող են վախ սերմանել շատերի մեջ, սակայն մեզ համար` որպես ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, կարեւոր է գնահատել իրավիճակը եւ վճռական գործողություններ ձեռնարկել մարդկանց իրավունքների եւ անվտանգության ապահովման համար:
Հայաստանը հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ ամեն քայլ ձեռնարկում է այդ ուղղությամբ: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակիչ արդեն երկու հարյուր օրից ավելի շրջափակման մեջ է:
Ուզում եմ հիշեցնել, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ իրավականորեն պարտադիր ժամկետային միջոց է կիրառել` ի պատասխան Հայաստանի գործի: Դատարանը որոշեց, որ առկա է Ռասսայական խտրականության վերացման կոնվենցիայով նախատեսված հայերի իրավունքներին անուղղելի վնաս հասցնելու անմիջական վտանգ: Հանձնարարվել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների եւ բեռների անսահմանափակ տեղաշարժն ապահովելու համար:
Ցավոք, Ադրբեջանը չի կատարել միջազգային դատարանի որոշումը եւ ավելի է սրել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքով անցնելու հնարավորությունը, այդ թվում` Կարմիր խաչի եւ խաղաղապահ ուժերի համար: Իրավիճակը սարսափելի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում է սննդի, դեղորայքի եւ այլ անհրաժեշտ արագ վերջացող պաշարների սպառվելու խնդրի հետ:
Այժմ, առավել քան երբեւէ, հրամայական է մեր ուշադրությունը կենտրոնացնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների վրա` հայտարարությունների, բանաձեւերի եւ, ամենակարեւորը, կոնկրետ գործողությունների միջոցով: Մենք պետք է ընդունենք, որ այս մարդկանց իրավունքները նույնքան կարեւոր են, որքան մեր բոլորինն այսօր այստեղ: Հանդես գալով Լեռնային Ղարաբաղում ժողովրդի իրավունքների եւ անվտանգության համար` մենք պաշտպանում ենք մարդու իրավունքների մեր արժեքները, որոնք համամարդկային են` անկախ իրենց աշխարհագրությունից:
Շնորհակալություն»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը: