04/07/2023 16:16
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի նախագահի հետ
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակում հուլիսի 3-ին հանդիպել եմ Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի նախագահ Անդրե դը Բյուսին և խմբի անդամներից, EMER կուսակցության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Ժան Ժակ Ֆլաոյին։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Չափազանց բարձր գնահատելով բարեկամական խմբի գործունեությունը՝ երկար տարիներ Բելգիայում Արցախի շահերի պաշտպանության գործում, ներկայացրել եմ ադրբեջանական շրջափակման արդյունքում տեղում ստեղծված իրավիճակը։
Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերջին սադրանքներին, որոնք միտված են Արցախը նոր ագրեսիայով էթնիկ զտման ենթարկելուն։
Անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանը՝ շեշտել ենք, որ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման, որևէ կարգավորում չի հանգեցնելու հակամարտության վերջնական և արդար լուծմանը։
Մտքեր են փոխանակվել Արցախի շահերի պաշտպանության շուրջ առաջիկա անելիքների վերաբերյալ»։