04/07/2023 17:45
Իրանի նախագահը ՇՀԿ-ին անդամակցումը տնտեսությունը զարգացնելու նոր հնարավորություն է համարում
Իրանի կառավարությունն ու ժողովուրդը երախտապարտ են Իսլամական Հանրապետությանը Շանհայի համագործակցության կազմակերպության շարքերն ընդունելու համար, ՇՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Նիստն անցել է օնլայն ձևաչափով՝ Հնդկաստանի նախագահությամբ, Իրանն այսօր դարձել է ՇՀԿ լիիրավ անդամ։
«Օգտվելով հնարավորությունից՝ կառավարության և Իրանի ժողովրդի անունից մեր երախտագիտությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու համար»,- ասել է Ռայիսին՝ հավելելով, որ Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին տնտեսության զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում։
Իրանի նախագահը նշել է նաև, որ տարածաշրջանում տրանսպորտային միջանցքներ ստեղծելու ուղղությամբ Ռուսաստանի հետ համագործակցությունը ընդլայնվելու է։