04/07/2023 20:37
Ժամանակակից աշխարհի հիմնական մարտահրավերներն են կլիմայի փոփոխությունը, արհեստական ինտելեկտը, երկրների միջև անհավասարությունը․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
Կլիմայի փոփոխությունը, արհեստական ինտելեկտի զարգացումը և զարգացած ու զարգացող երկրների միջև մեծացող անհավասարությունը ժամանակակից աշխարհի հիմնական մարտահրավերներն են, որոնք հաղթահարելու համար ընդհանուր ջանքեր են պահանջվում, ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում․ նրա ելույթը հեռարձակվել է տեսակապի միջոցով։
«Երեք ոլորտներում մենք կարող ենք ու պետք է միավորվենք՝ որոշումներ ընդունելու համար։ Առաջինը կլիմայական փոփոխություններն են։ Եթե մարդկությունը միասնական չգործի, մեզ աղետ է սպասվում։ Պետք է միավորվենք ու ակտիվանանք։ Ես արդեն առաջարկել եմ համերաշխության պակտ կնքել, որ նրանք, ովքեր ամենաշատն են շրջակա միջավայրի համար վտանգավոր արտանետումներ անում, լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն՝ դրանք կրճատելու համար։ Կլիմայի խնդիրները կյանքի համար պայքարի խնդիրներ են»,- ասել է Գուտերեշը։
ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ մարդկությունը տեխնոլոգիական նոր դաշարջան է թևակոխում՝ լինելով բացարձակապես անպատրաստ։ Արհեստական ինտելեկտը, մահացու ինքնակառավարվող զենքերը, բիոինժեներիան այն ոլորտներն են, որոնց վերահսկման հնարավորությունները շատ հետ են մնում։ Այստեղ ևս, ըստ Գուտերեշի, անհրաժեշտ է միավորել ջանքերը, ուստի ինքը պատրաստ է քննարկելու ցանկացած նախաձեռնություն, որը կվերաբերի արհեստական ինտելեկտի գծով միջազգային կառույց ստեղծելուն։
Ինչ վերաբերում է զարգացած ու զարգացող երկրների միջև անհավասարությանը, ապա այն, ըստ Անտոնիո Գուտերեշի, շատ ավելի սուր է սկսել արտահայտվել համավարակից հետո, քանի որ զարգացող երկրները դեռ չեն հասցրել վերականգնել համավարակի շրջանում կրած տնտեսական վնասը, իսկ համավարակն իր հերթին ապացուցել է, որ համաշխարհային ֆինանսական ճարտարապետությունը անարդար հիմքերի վրա է, համաշխարհային առևտրային համակարգն էլ իր հերթին է նպաստում երկրների միջև անհավասարության աճին։