04/07/2023 13:15
Անհամաձայնություն ենք հայտնում այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում ԵՄ «քավորությամբ». եվրոպաբնակ հայերը նամակ փոխանցեցին Շառլ Միշելին
Մի խումբ եվրոպաբնակ հայեր Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացրին և նամակ փոխանցեցին գրասենյակին՝ ուղղված Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։
«Մենք մեր ձայնն ենք բարձրացնում ու անհամաձայնությունը հայտնում այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում ԵՄ «քավորությամբ». Հայաստանի և Արցախի շահերի ոտնահարում, նրանք փաստացի պաշտպանում են Ադրբեջանի շահերը։
Որպես այնտեղ բնակվող հայեր ու հարկատուներ, նամակ ենք կազմել, և քանի որ ես հիմա Հայաստանում եմ, որոշեցվինք այստեղ հանձնել այդ նամակը», - լրագրողների հետ զրույցում ասաց գերմանաբնակ Արփինե Քոչարյանը։
Նամակը, ըստ նրա, վերաբերում է արցախահայության շահերին։
«Ինչպես հասկանում ենք, խաղաղության պայմանագրում արցախահայության շահերի մասին ոչ մի տող չկա։ Նամակում նշել ենք, որ այդ պայմանագրով էթնիկ զտում է սպասվում, և ԵՄ-ի նման հաստատությունը չպետք է «քավոր կանգնի» այս ցեղասպանական պայմանագրին», - ասաց Արփինե Քոչարյանը։
Նշվեց, որ Շառլ Միշելին հասցեագրված նամակը ստորագրել են 1221 եվրոպահայեր։