04/07/2023 13:29
Այն պահին, երբ ՀՀ-ն փոխի բանակցությունների բնույթը, միջազգային հանրության մոտ դիրքորոշումը կտրուկ կփոխվի. Օսկանյան (Տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն այսօր լրագրողների հետ զրույցում մատնանշեց, թե որտեղ է տեսնում Փաշինյանի քայլերի՝ պատերազմից փուսափելու այլընտրնաքը։
«Պետք է վերանայել այսօր այն ենթադրությունները, թե այն, ինչ այսօր կատարվում է, դա միջազգային հանրության թելադրանքով ու կամքով է տեղի ունենում։ Դրան նոր ընկալում պետք է տրվի։ Այո՛, միջազգային հանրության համար ցանկալի է, որ ԼՂ հարցը վերջիվերջո հանգուցալուծվի, բայց թե ինչպես դա կհանգուցալուծվի, հավատացեք, դա միջազգային հանրությանն այդքան էլ չի հետաքրքրում:
Նրանք գնում են այն ճանապարհով, որն իրենց առաջ բացվել է: Որ ճանապարհը հեշտ է հարցի հանգուցալուծման համար, այդ ճանապարհն էլ վերցնում են: Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ Արցախը հանձնել Ադրբեջանին։ Իհարկե, միջազգային հանրությունն ամեն ինչով Փաշինյանին կաջակցի, որպեսզի այդ հանգուցալուծումը լինի»,-հայտարարեց Օսկանյանը։
Նրա խոսքով՝ այն պահին, երբ ՀՀ իշխանությունները նոր ձևակերպում կտան բանակցությունների բնույթին, միջազգային հանրության մոտ դիրքորոշումը կտրուկ կփոփոխվի.«Եթե նրանց մոտ հայկական կողմը ձևակերպի համոզիչ, տրամաբանական և առանց չափազանցությունների մեջ ընկնելու իր պահանջները, բանակցությունների ամբողջ էությունն ու բովանդակությունը կփոխվի։ Սա կարևոր է և պետք է ընկալենք ու հասկանանք»։