04/07/2023 01:24
Բաքվում խուճապ է
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժից ավերածությունների կամ մահացածների մասին տեղեկություններ դեռ չկան, այդ երկրի ԱԻ նախարարությունը տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ նման տեղեկություններ դեռ չեն ստացվել։
Ադրբեջանի ժամանակով 00։01-ին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Բաքվում, ինչպես նաև Ադրբեջանի այլ շրջաններում։ Ինչպես հաղորդում են այդ երկրի լրատվամիջոցները, Բաքվի շենքերի բնակիչները խուճապահար լքել են իրենց բնակարանները և վախենում են վերադառնալ տուն։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունը հայտնել է, որ Կասպից ծովի ադրբեջանական ափին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք, իսկ օջախը՝ 20 կմ խորության վրա։
«Ռիա Նովոստի»-ն էլ հաղորդում է, որ Դաղստանի ԱԻ նախարարության տվյալների համաձայն, Դերբենդ քաղաքից 100 կմ հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժը 5,9 մագնիտուդ ուժգնությամբ է եղել, այն զգացել են նաև Դաղստանի որոշ շրջանների բնակիչներ։