05/07/2023 11:32
Զավեշտալի է, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց խորհուրդ է տալիս Սահմանադրություն կարդալ, քանի որ հենց նրա շնորհիվ ու օրոք ենք ունեցել սահմանադրական ճգնաժամ. Սահմանադրագետ
Այսօր ՀՀ-ում նշվում է Սահմանադրության օրը:
«Իհարկե, զավեշտալի է, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց խորհուրդ է տալիս Սահմանադրություն կարդալ, քանի որ այն պաշտոնյան է, որի շնորհիվ և օրոք ունեցել ենք սահմանադրական ճգնաժամ, և ոտնահարվել են ոչ միայն սահմանադրական դրույթները, այլև սահմանադրական հիմնարար սկզբունքները, որոնք իրավական և ժողովրդավարական պետության հենասյուներն են», - Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա այն ուղերձին, որտեղ նա ասել էր, որ այսօր որևէ մեկն իրեն չի կարող համարել օրենքից վեր. կարդացեք ՀՀ Սահմանադրություն՝ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
Նրա խոսքով, եթե հետհայացք գցենք, թե ինչ տեղի ունեցավ 2018 թվականին իշխանափոխության արդյունքում և ինչ հետևանքներ եղան, զուտ կարող ենք արձանագրել օրենքները ոտնահարելու հարյուրավոր օրինակներ.«Լրատվամիջոցների գործունեության խոչընդոտման մի շարք դեպքերի ենք ականատես եղել: Այս ժամանակ Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակվեց ԱԺ շենքը, դրան հաջորդել էր դատական մարմինների շրջափկման կոչն ու գործողությունները, Սահմանադրական դատարանի շուրջ ավելի քան մեկ տարի տևող խայտառակ գործընթաց, որի արդյունքում ոչ իշխանահաճո նախագահի և դատավորների լիազորությունները դադարեցվեցին: Եվ այդ մարդիկ ոչ միայն բարոյական, այլև իրավական մի շարք կարմիր գծեր խախտմամբ՝ հետապնդումների ենթարկվեցին»:
Մելոյանը նշեց, որ այդ ամենից հետո արդեն պարզ էր, որ իշխանությունները ճնշումներ են գործադրում դատական մարմինների վրա, դատավորներին լռեցնելու փորձեր են արվում.«Այդ պրոցեսը մեկնարկել է և շարունակությունն էլ կտեսնենք: Խորհրդանշական է, որ 2-3 օր առաջ ևս չորս հարգարժան դատավորների լիազորությունները դադարեցվեցին: Իրավական պետության հենասյուներն են՝ իրավունքի գերակայությունը, իշխանությունների տարանջատումը, օրինականությունը: Այս բոլոր սկզբունքները բազմիցս չարչրկվել և խախտվել են այս իշխանությունների օրոք: Գործադիր իշխանությունն ուզուրպացնում է իշխանության մյուս թևերը: Իրավիճակն այնպիսին է, և գործող իշխանությունն էլ չի փորձում դա հերքել, որ խորհրդարանը դարձել է գործադիրի կամակատարը: Իսկ այդ իրավիճակում ՍԴ-ն այնպիսի անդամներով համալրեցին, որ վերածվել է նույնպես կամակատարի: Հիմա անաչառ դատավորներին, ովքեր օրենքին ու իրենց խղճին համապատասխան են գործում, փորձում են համակարգից հեռացնել անհեթեթ հիմքերով:
Ցավոք, այսօր մեր երկրում սահմանադրականությունը խարխլված է: Մեր երկրում ակնհայտ ռեգրես է, սահմանադրական մշակույթի վերացման ուղին ենք բռնել, սահմանադրական նորմերն ակնհայտ ոտնահարված են: Ցավով եմ արձանագրում, որ այս ամենը վերականգնելու ուղղությամբ հսկայական աշխատանքներ ունենք անելու: Խոսքս ամփոփեմ ԱՄՆ 3-րդ նախագահի՝ իմ սիրելի ասույթով՝ «Յուրաքանչյուր պետության գոյության մեծագույն վտանգը Սահմանադրությունն արհամարող իշխանությունն է», ինչը մենք, ցավոք, պրակտիկ կերպով զգացինք մեր մաշկի վրա»: