05/07/2023 12:30
Հայաստանն առաջ է ընթանում ժողովրդավարական ուղով՝ հաղթահարելով բազում խոչընդոտներ և դիմակայելով անսպասելի արգելքների. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:
«Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ:
Մեր Հանրապետությունն առաջ է ընթանում ժողովրդավարական ուղով՝ հաղթահարելով բազում խոչընդոտներ եւ դիմակայելով անսպասելի արգելքների: Մենք հաստատակամ ենք ժողովրդավար երկիր կառուցելու հարցում եւ գիտակցում ենք դրան հասնելու բարդությունները: Տարիներ առաջ մեր ժողովուրդն, ի թիվս այլ հիմնարար սկզբունքների, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման հիմքում է դրել քաղաքացիական համերաշխությունը եւ համամարդկային արժեքներին հավատարմությունը:
Իհարկե, սահմանադրորեն արձանագրված մի շարք հոդվածների իրականացման հարցում անելիքները շատ են, եւ իշխանության բոլոր ճյուղերի աշխատանքն ուղղված է բարեփոխումների իրականացմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ Սահմանադրությունն իրապես կարեւորվի մեր քաղաքացիների կողմից, դառնա սեղանի գիրք՝ կոտրելով մտայնությունը, որ այն հասանելի է միայն հատուկ մասնագետներին: Այս դեպքում, թերեւս, ժողովրդավարությունն ավելի կմոտեցնենք մեզ՝ ստեղծելով քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ հասարակություն», - ասվում է ուղերձում: