05/07/2023 11:58
Ալիևը Հայաստանից պահանջում է զինված ուժերն ամբողջությամբ դուրս բերել Արցախից
Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա պետք է զինված ուժերն ամբողջությամբ դուրս բերի Լեռնային Ղարաբաղից, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը:
Նա ասել է, թե Ադրբեջանը ներկայացրել է հինգ հիմնարար սկզբունք՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
«Չնայած Հայաստանին ստիպել են ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն դեռևս կան հայկական զինված ուժերի մնացորդներ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները: Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հասնել երկար սպասված խաղաղությանը, ապա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Լեռնային Ղարաբաղը», - շեշտել է Ալիևը:
Նա կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին ու նշել, թե «Հայաստանը խոչընդոտում է դրա բացմանը, որը Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից բխող ևս մեկ պարտավորություն է և, հետևաբար, պետք է իրականացվի»:
Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ներկայությունը։
«Պիտի պաշտոնապես արձանագրեմ, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։