05/07/2023 19:54
Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության, սահմանադրականության, օրենքի և օրինականության մասին խոսելու իրավունք չունի․ Նաիրա Զոհրաբյան
Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել հստակ ճանապարհային քարտեզով և քայլ առ քայլ իրականացնում է իր վրա դրված առաքելությունը, ինչի համար էլ բերվել է իշխանության, «Արժանապատվության հեղափոխություն» շարժման նախաձեռնած ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը, որն այս ամբողջ ընթացքում ամեն քայլափոխի ոտնահարել ու ոտնահարում է Սահմանադրությունը, մայր օրենքից խոսելու իրավունք չունի։
«Այսօր Սահմանադրությունից խոսում է մեկը, ով, ոտնահարելով Սահմանադրությունը, լայվով ժողովրդին հոկտեմբերի 2-ին քսի է տալիս Ազգային ժողովի վրա։ Այսօր Սահմանադրությունից խոսում է մեկը, ով լայվով ժողովրդին կոչ էր անում հարձակվել դատական իշխանության վրա, հարձակվել Սահմանադրական դատարանի վրա։ Այսօր Սահմանադրությունից խոսում է մեկը, ով ԱԺ-ում, ոտնահարելով Սահմանադրությունը, թքելով Սահմանադրության վրա, հազար անգամ ընդունել է օրենքներ, որոնք շրջանցել են Սահմանադրությունը։
Նա Հայաստանի Հանրապետության միակ մարդն է, որն իրավունք չունի խոսելու Սահմանադրության, սահմանադրականության, օրենքի և օրինականության մասին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։