05/07/2023 19:26
«Քաղաքացիական պայմանագիր» պայմանական անունով կազմակերպված հանցավոր խումբը և դրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը ծառայեցնում են բացառապես իրենց և հայ ժողովրդի թշնամու շահերին․ Էդգար Ղազարյան
Ցավոք, այսօր կանգնած ենք մի իրողության առջև, երբ մարդիկ, հանրային ծառայողները, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր պարտավոր են, ովքեր երդվել են ծառայել մեր պետությանը, մեր ժողովրդին, հարգել Սահմանադրությունն ու օրենքները, իրենք են խախտում դրանք, «Արժանապատվության հեղափոխություն» անունը կրող շարժման ակցիայի մեկնարկին, լրագրողների հետ զրույցում ասաց շարժման նախաձեռնող, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Էդգար Ղազարյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը, մարդկանց ՀՀ սահմանադրությունը կարդալու կոչ անելուց առաջ, ինքը պետք է կարդա մայր օրենքը։
«Քանի որ նա կիսագրագետ է, բարձրագույն կրթություն չի հասցրել ստանալ, կարծում եմ, որ միայն Սահմանադրության նախաբանը և առաջին երկու հոդվածները բավարար են, որ նա հասկանա, որ ինքը Սահմանադրության ամենամեծ խախտողն է, որովհետև Սահմանադության նախաբանը հղում է կատարում ՀՀ անկախության հռչակագրին, որն իր հերթին հղում է անում Հայաստանի և Արցախի վերամիավորման՝ Գերագույն խորհրդի և Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ որոշումներին։ Այսինքն՝ մեր Սահմանադրության հիմքում դրված է Հայաստանի և Արցախի միավորման գաղափարը, և եթե նա հրաժարվում է այդ գաղափարից, նշանակում է՝ խախտում է ՀՀ Սահմանադրությունը»,- ասաց Ղազարյանը։
Էդգար Ղազարյանը նշեց, որ Սահմանադրության երկրորդ հոդվածը, որով սահմանվում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ դրա յուրացումը հանցագործություն է, նույնպես խախտվում է Փաշինյանի և նրա կառավարած ուժի կողմից։
««Քաղաքացիական պայմանագիր» պայմանական անունով կազմակերպված հանցավոր խումբը, որի պարագլուխն է Նիկոլ Փաշինյանը, գողացել է, յուրացրել է մեր ժողովրդի օրինական իշխանությունը և այդ իշխանությունը ծառայեցնում է բացառապես իր և իր ընտանիքի, մերձավորների բարեկեցությանը և մեր ժողովրդի թշնամու շահերին»,- ասաց հասարակական-քաղաքական գործիչը։
Պատահական չէ, որ հենց այս խորհրդանշական օրն է մեկնարկել «Արժանապատվության հեղափոխություն» շարժումը, հավելեց Էդգար Ղազարյանը՝ նշելով նաև՝ շարժման նպատակն է «վերջ տալ ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքներին»։