05/07/2023 23:03
«Պատերազմ լինում է, եթե իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է»․ Էդգար Ղազարյանը կոչ արեց առավոտյան գալ Բաղրամյան պողոտա՝ Հայաստանի անկման ընթացքը կասեցնելու
Մեր երկիր պատերազմ բերած մարդիկ մեզ վախեցնում են պատերազմով։ Պատերազմ լինում է, եթե իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է։ Դա ես չեմ ասում, դա մեր երկրի վերջին երկու տարվա պատմությունն է ասում, հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ում նախաձեռնած «Արժանապատվության հեղափոխություն» շարժման ակցիան շարունակվում է Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի դիմաց։
«Պատերազմ լինելու է նաև հիմա, որովհետև հուլիսի 25-ին, թե 26-ին Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում պետք է նորից հանդիպի Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հետ։ Տրանսֆորմացրեք՝ անցյալ տարվա օգոստոսն ու հիմա՝ ինչ է մեզ սպասվում։ Նորից գնալու է, հանդիպի, նորից մի սցենար են մշակելու կարճատև՝ երկօրյա, եռօրյա մի պատերազմի, որպեսզի այդ պատերազմի ուժով, կրակոցների, զոհերի առկայությամբ, ճնշումների տակ Ալիևը հասնի իր ուզածին, վերջնականապես Հայաստանից կտրի Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքն ու Տավուշը և հոկտեմբերին, արդեն ամսաթվեր են ասում, սրանք տանեն մեզ վերջնական կապիտույացիայի համաձայնության, որը պետք է կնքի կառավարությունը, վավերացնի Սահմանադրական դատարանը, իբր թե դա «համապատասխանում է» Սահմանադրությանը, վավերացնի ԱԺ-ն և ստորագրի այս մյուս պատուհասը (նախագահը-խմբ)»,- նախագահականի դիմաց ասաց Էդգար Ղազարյանը։
Նա նաև նշեց՝ այդ ամենը կանխելու հնարավոր տարբերակ կա։
«Այս փողոցի վրա պետք է հիմնենք հայկական անցակետ, որպեսզի սրանք, վաղ առավոտյան աշխատանքի գալուց, կանգնեն և անցնեն այդ անցակետով, պատասխանեն մեր հարցին՝ ո՞ւր են գնում, գնում են, որ ի՞նչ որոշում կայացնեն, ո՞ւմ օգտին կայացնեն այդ որոշումը»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ հասարակությանը կոչ անելով համախմբվել՝ Հայաստանի տարածքներն Ադրբեջանին չհանձնելու, Հայաստանը «ադրբեջանաթուրքական աղբից մաքրելու համար»։
«Բոլորս միասին կարող ենք անել դա՝ մեկ օրում»,- հավելեց Էդգար Ղազարյանը՝ տեղեկաացնելով՝ ինքն ու ակցիայի մասնակից կամավորները մնալու են Բաղրամյան փողոցում, հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն էլ կարող են գալ ու միանալ իրենց, իսկ առավոտյան ժամը 08։00-ից ակցիան պետք է շարունակվի՝ նոր թափով։
«Մենք պետք է այստեղ հավաքվենք, դնենք հայկական, ժողովրդական հսկիչ անցագրային կետ։ Առավոտյան ժամը 08։00-ից պետք է դա անենք, եթե մեր ուժը ների։ Եթե մեր ուժը չի ներում, ուրեմն գնում ենք տուն, միացնում Յութուբը, նայում հուլիսի 25-ին Իլհամ Ալիևի հետ Փաշինյանի հանդիպումը, հետո նայում ենք ռազմական գործողությունների մասին տեղեկությունները, մեծ ցավ ենք ապրում մեր զինվորականների մահվան համար, մեծ ցավ ենք ապրում, որ հրետակոծվում են Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, մեր աչքի առաջ տեսնում ենք, թե ոնց են ադրբեջանական տանկերը Գորիսով, Կապանով անցնում, կպնում Նախիջևանին, տոնում «Զանգեզուրի միջանցքը», Ադրբեջանը Նախիջևանին կապելու իրենց հերթական ձեռքբերումն ու մեր բնակարաններում հյուրընկալում ենք Կապանից, Գորիսից, Վայքից, Եղեգնաձորից, Սիսիանից, Մեղրիից, Ագարակից և հարակից գյուղերից փախստական դարձած մեր հայրենակիցներին, որից հետո Սփյուռքի մեր հայրենակիցները նայում են այդ կադրերն ու մտածում, թե ոնց են ապաստան տալու մեզ՝ Երևանում մնացածներիս, և որ այս քաղաքի կեսը թուրք է լինելու։
Եթե չեք ուզում այս հեռանկարը, ուրեմն առավոտյան, ժամը 08։00-ին՝ Մարշալ Բաղրամյան պողոտա»,- ասաց «Արժանապատվության հեղափոխություն» շարժման նախաձեռնողը։