05/07/2023 20:51
Մերձդնեստրի հակամարտության կարգավորման գործընթացը շատ առումներով կախված է Ուկրաինայում իրավիճակի զարգացումներից․ Մոլդովայի փոխվարչապետ
Մոլդովայի ղեկավարությունը մտադիր չէ հրաժարվել Մերձդնեստրից՝ հանուն Եվրամիությանն ինտեգրվելու, հայտարարել է Մոլդովայի Հանրապետության վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլեգ Սերեբրյանը։
«Մեր դիրքորոշումը ԵՄ ինտեգրմանը զուգահեռ բանակցություններ վարելն է։ Վերաինտեգրման գործընթացը 100 տոկոսով կախված չի լինի եվրաինտեգրումից, դա պարզ է, բայց այն կօգնի միավորել Դնեստրի ափերը», TV-8-ի եթերում ասել է Սերեբրյանը՝ արձագանքելով երկրի հասարակական-քաղաքական շրջանակների քննադատություններին, որ Մերձդնեստրից հրաժարվելու գնով է արագացվում ԵՄ-ին անդամակցությունը։
Մոլդովայի փոխվարչապետը նշել է նաև, որ մերձդնեստրյան հակամարտության կարգավորման գործընթացը միայն իրենց եվրաինտեգրումից չէ, որ կախված է։
«Մերձդնեստրի կարգավորման գործընթացի ապագան շատ առումներով կախված է Ուկրաինայում իրավիճակից, բայց նաև՝ մեզանից, մեր բնակչությունից։ Եթե մենք ավելի գրավիչ լինենք Մերձդնեստրի բնակիչների համար, ապա դա բարենպաստ մթնոլորտ կստեղծի մերձեցման համար»,- ասել է Սերեբրյանը։