05/07/2023 19:16
Ուկրաինայում հայտարարել են, որ իրենք «լավ պոլիգոն» են՝ արևմտյան զենքերը փորձարկելու համար
Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները մեր արևմտյան գործընկերներին հնարավորություն են տալիս փորձարկել իրենց զենքերը՝ ռուսական կողմի հետ ուղիղ առճակատման ժամանակ, Financial Times-ին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
Նրա խոսքով՝ այսպիսով «արևմտյան դաշնակիցները կարող են տեսնել՝ աշխատու՞մ են իրենց զենքերը, որքանո՞վ են արդյունավետ, ունե՞ն արդյոք արդիականացման կարիք»։
«Համաշխարհային ռազմական արդյունաբերության համար ավելի լավ պոլիգոն չես գտնի»,- Ռեզնիկովի խոսքերն է մեջբերել պարբերականը։
Հրապարակման համաձայն՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարն ասել է նաև, որ այդ պրոցեսին ուշադիր հետևում են շահագրգիռ բոլոր կողմերը, ներառյալ՝ Հնդկաստանն ու Չինաստանը, «նաև այն երկրները, որոնք զենք են գնում Ռուսաստանից»։
Financial Times-ը ներկայացրել է նաև ուկրաինացի ռազմական փորձագետ Պյոտր Պյատակովի տեսակետը, ըստ որի ՆԱՏՕ-ի սպառազինության կազմում գտնվող հրետանային համակարգերի մարտական ակտիվ կիրառումը հնարավորություն է տվել վերհանել դրանց մի շարք թերություններ։ Ըստ փորձագետի, ի տարբերություն սովետական զինատեսակների, արևմտյանները, առավելագույն տեմպով 2-3 րոպե անընդմեջ կրակահերթեր արձակելուց հետո, ընդմիջում են պահանջում։