05/07/2023 21:18
Իշխան Սաղաթելյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին փոխանցել է, որ հակամարտության ցանկացած լուծում, որը կանտեսի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, հայ ժողովրդի կողմից չի ընդունվելու
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Եվրոպայում։
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ՝ Պետեր Վիտանովի (Բուլղարիա), Կոստաս Մավրիդեսի (Կիպրոս), Ժորդի Սոլեի (Իսպանիա) և Նիկոս Պապանդրեուի (Հունաստան) հետ։
«Հանդիպումների ընթացքում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ հանգամանորեն ներկայացրել ենք արդեն յոթ ամիս շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, անվտանգությանն առնչվող մարտահրավերները, Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության էությունն ու դրսևորումները։
Կարևորել ենք Եվրոպական Միության գործադիր իշխանության կողմից ադրբեջանական ագրեսիային հասցեական և գործուն արձագանքի անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա առնվազն անհրաժեշտ է նման շարունակական գործողությունները զսպելու համար:
Մտքեր են փոխանակվել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ճանաչելու ուղիների վերաբերյալ, որպես հակամարտության լուծման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գրավական։
Նաև փոխանցել եմ, որ հակամարտության ցանկացած լուծում, որը կանտեսի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, հայ ժողովրդի կողմից չի ընդունվելու։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու քաղաքական խորհրդակցություններն ու փոխադարձ այցերը»,- հանդիպումների մանրամասներն է փոխանցել Իշխան Սաղաթելյանը։