05/07/2023 09:40
«Ժողովուրդ». Տիրան Խաչատրյանը հերքեց Անդրանիկ Քոչարյանին՝ պնդելով, որ իրեն մինչ օրս հրավեր չի եկել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում, պարբերաբար նոր աղմկահարույց բացահայտումներ են լինում, բայց ոչ թե պատերազմի հանգամանքների կամ իշխանության կառավարման անկարողության, այլ հենց հանձնաժողովի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գործունեության հետ կապված:
ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաև ղեկավարում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, պարբերաբար հայտարարում էր, թե հրավեր է ուղարկել մի շարք զինվորականների և բարձրաստիճան պաշտոնյաների, բայց վերջիններս չեն եկել քննիչ հանձաժողով:
Քոչարյանը հրապարակել էր զինվորականների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք, ըստ նրա, վախենում են գնալ ԱԺ։
«Զինվորականներ կան, որոնք վախեցած են, օրինակ` Տիրան Խաչատրյանը, որը հրապարակայնորեն հրաժարվել է գալ նիստին։ Արտաքին քաղաքականության հարցերով ես հրավիրել եմ Վարդան Օսկանյանին, որը հրաժարվել է, բայց մենք նորից կուղարկենք հրավեր․ Արցախի հետ կապված լսումների ժամանակ ինքը պետք է բարի լինի, գա, որովհետև շատ հարցեր առնչվելու են ԱԳՆ-ի իրականացրած քայլերին»,- հայտարարել էր նա։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Տիրան Խաչատրյանը հերքեց Անդրանիկ Քոչարյանին՝ պնդելով, որ իրեն մինչ օրս հրավեր չի եկել:
Տիրան Խաչատրյանը մանրամասնեց, որ իրեն այս ընթացքում զանգահարել է Անդրանիկ Քոչարյանի քարտուղարը, հարցրել բնակության հասցեն, որպեսզի քննիչ հանձնաժողով գնալու հրավեր-նամակ ուղարկեն, սակայն այդպես էլ հրավեր չի եկել. «Ես ունեմ մի բնակարան, մեկ հասցե, որտեղ գրանցված եմ և ապրում եմ, ինձ երբևէ որևէ կառույցի կողմից նամակ չի եկել, ինձ հրավեր չի եկել»: Այսինքն՝ Անդրանիկ Քոչարյանը հրապարակավ ստել է՝ ասելով, թե մարդիկ չեն ներկայանում նիստերին: Թեև Տիրան Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ «եթե հրավերը հասնի էլ, միևնույնն է, չեմ գնալու»:
Փորձեցինք կապ հաստատել նաև Անդրանիկ Քոչարյանի հետ՝ հասկանալու, ի վերջո, հրավեր ուղարկվել է Տիրան Խաչատրյանին, թե ոչ, սակայն վերջինս, լսելով «Ժողովուրդ» օրաթերթի անունը, միանգամից «հուզվեց»։ «Չի հետաքրքրում՝ «Ժողովուրդ» օրաթերթից եք, թե «տիեզերքից», ես հեռախոսով մեկնաբանություն չեմ տալու»,- անգամ հարցը չլսելով՝ Քոչարյանը նման տարօրինակ պատասխան տվեց ու անջատեց:
Թերևս նյութը կարդալուց հետո մի բոցաշունչ տեքստ կհրապարակի ՔՊ-ական պատգամավորը, իսկ մինչ այդ նկատենք, որ տպավորություն է, թե Անդրանիկ Քոչարյանն այս հանձնաժողովն օգտագործում է ոչ թե պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու ու իրականությունը բացահայտելու, այլ, հակառակը, իրականությունը խեղաթյուրելու, փաստերը կոծկելու, Նիկոլ Փաշինյանին արդարացնելու և նոր մեղավորներ նշանակելու համար»։