05/07/2023 09:47
«Հրապարակ». Պետպատվերով ծառայությունների կազմակերպումը առողջապահության ոլորտում զերծ չէ ռիսկերից և միջամտություններից
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության ոլորտում պետպատվերով ծառայությունների կազմակերպումը զերծ չէ ռիսկերից և միջամտություններից։ Իրազեկ աղբյուրից տեղեկացանք, որ Պետական առողջապահական գործակալությունում աշխատում են փորձագետներ, որոնք համատեղում են աշխատանքը նաև «Ուիգմոր» մանկական հիվանդանոցում։ Եվ որոշակիորեն աջակցում են իրենց կլինիկային` պետպատվեր ստանալու հարցում։
Օրինակ՝ արձակուրդային սեզոնին ծնողները պլանավորում են երեխաների նշիկները հեռացնել, ատամները սարքել և երբ դիմումը ներկայացնում են, ՊԱԳ-ի փորձագետներն ասում են, որ պետք է հերթագրվել։ Իսկ եթե ծնողի դիմումը վերաբերում է «Ուիգմոր» կլինիկային, ապա պետպատվերի հայտն արագ հաստատվում է։ «Ուիգմորի» նկատմամբ սերը ՊԱԳ-ում օդից չի առաջացել, այս կլինիկայում, ինչպես գրվել է մամուլում, բիզնես հետաքրքրություններ ունի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը։ Ըստ այդ տեղեկությունների՝ Պուշկինի փողոցում գտնվող հիվանդանոցի շենքը «Ուիգմորը» վարձակալել է Ավանեսյանի մորից՝ Մարգարիտա Վարդանյանից։
Փորձեցինք ՊԱԳ-ի տնօրեն Ահարոն Բարսեղյանից հետաքրքրվել՝ արդյոք իր մոտ աշխատո՞ւմ են փորձագետներ, որոնք նաև «Ուիգմոր»-ում են աշխատում, և արդյո՞ք այստեղ շահերի բախում չկա, սակայն Բարսեղյանը չպատասխանեց մեր զանգերին։ Ի դեպ, ընդամենը երկու օր առաջ խնդրին առանց անուններ տալու անդրադարձել է նաև «Առողջապահության իրավունք» ՀԿ-ի հիմնադիր, ՊԱԳ նախկին տնօրեն Ծաղիկ Վարդանյանը, ով շուրջ 10 տարի բարձր պաշտոններ է զբաղեցրել նախարարությունում` անդրադառնալով մանկական պետպատվերի խնդրին, նա իր էջում գրել է. «Կա մի «հրաշալի» նորարարություն՝ «էլիտար» աշխատակիցներ, ովքեր համատեղում են իրենց պրակտիկ բժշկի աշխատանքը պետական պատվերի դեպքեր դիտարկելու հետ»:
Նա դիմել է նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայություն՝ առաջարկելով. «Ուսումնասիրեք, օրինակ, ո՞վ է դիտարկում պետական պատվերի մանկական վերականգնողական և նեղ մասնագիտական դեպքերը, կարող է պատահաբար հայտնաբերեք, որ սույն անձն աշխատում է հենց այդ նույն հիմնարկում, որի դեպքերը նա որպես առողջապահության նախարարության աշխատակից դիտարկում է: Եվ ի՞նչ կարգավորումով է, որ պետական պատվերի դեպքերն ընդունելը և, հետևաբար, գումարներ տալը կապված է տարբեր կլինիկաների շահերը ներկայացնող, հազար թելերով տարբեր հիվանդանոցների հետ կապված բժիշկներից»»։