06/07/2023 18:03
Շյոգրենի համախտանիշ. ինչ հետազոտություններ են անհրաժեշտ
Շյոգրենի համախտանիշը իմունային համակարգի հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է աչքերն ու թքագեղձերը, սակայն կարող է ունենալ այլ դրսևորումներ ևս:
Այս հիվանդության պատճառն անհայտ է: Այն ավելի տարածված է կանանց, 40-ն անց մարդկանց և այն անձանց շրջանում, ովքեր ունեն ռևմատիկ հիվանդություններ, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ կամ համակարգային կարմիր գայլախտ:
Շյոգրենի համախտանիշով մարդկանց մեծ մասը կարող է ապրել նորմալ առօրյայով՝ առանց որևէ լուրջ բարդությունների, հատկապես, եթե հետևում է բժշկի խորհուրդներին:
Հիվանդության առաջացման գործում կարող են դեր խաղալ վիրուսային վարակը և ժառանգական նախատրամադրվածությունը:
Շյոգրենի համախտանիշով մարդիկ կարող են ունենալ հետևյալ գանգատներն ու ախտանիշները.
Աչքերի չորություն, որը կարող է ուղեկցվել աչքերի գրգռվածությամբ, աչքերում օտար մարմնի (օրինակ՝ փոշու) առկայության զգացողությամբ, երբեմն նաև՝ աչքերի այրոցանման ցավով:
Բերանի չորություն, որը դժվարացնում է կուլ տալը, խոսելը կամ չոր սննդամթերք ընդունելը:
Այտուցներ, սովորաբար՝ դեմքի և պարանոցի գեղձերի շրջանում:
Աչքերի և բերանի խոռոչի չորությունը կարող է բարձրացնել աչքի վարակների և ատամների հետ կապված խնդիրների ռիսկը (օրինակ՝ ատամների հարաճող կարիես):
Շյոգրենի համախտանիշով որոշ մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ նաև՝
հոդացավ, հոդերի այտուց և շարժումների կարկամվածություն,
մաշկի չորություն,
հեշտոցի չորություն,
կայուն չոր հազ,
ձգձգվող հոգնածություն:
Սակավաթիվ մարդկանց մոտ կարող է նաև զարգանալ լյարդի և երիկամների ախտահարում կամ լիմֆոմա (ավշային գեղձերի քաղցկեղ):
Ախտանիշներից բացի, ախտորոշմանն օգնում են տարբեր հետազոտություններ: Շիրմերի թեստը ստուգում է աչքերի կողմից բավարար քանակությամբ արցունքի արտադրությունը: Պատկերային հետազոտությունների նպատակն է ստուգել թքագեղձերի գործունեությունը:
Հիվանդությունը որևէ վերջնական բուժում չունի, սակայն կան գանգատները մեղմացնող և բարդությունների դեմ ուղղված միջոցներ:
Որոշ դեպքերում բժիշկը կարող է առաջարկել վիրահատություն, օրինակ՝ աչքերի արցունքակալումը վերացնելու համար:
Կարևոր է բժշկին պարբերաբար այցելել՝ գնահատելու հիվանդության ախտանիշների կառավարման արդյունավետությունը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն:
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: