06/07/2023 09:28
«Փաստ». Արցախում մարդիկ ասում են, թե «էլ ի՞նչ պետք է գա Արցախի գլխին, որ Արայիկն իրերն իրենց անունով կոչի»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին Արցախի շուրջ ընթացող զարգացումները նոր թափ են ստանում, ինչն արցախահայության շրջանում լուրջ ու խոր մտահոգությունների առիթ է հանդիսացել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնվել է «երկու քարի» արանքում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը Հարությունյանին անընդհատ ճնշում է, որ նա գնա և ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ, իսկ այս հարցում Արցախում լրիվ այլ տեսակետներ ու մոտեցումներ կան, որոնք բացառում են Ադրբեջանի հետ որևէ ուղիղ «կոնտակտ», և Ադրբեջանի հետ երկխոսությունը տեսնում են միջազգայնորեն ճանաչված հարթակի միջոցով։
Հարությունյանն իր հերթին արտաքինից ցույց է տալիս, որ Փաշինյանն իրեն չի ճնշում, սակայն ներքին վախեր ունի, որ Փաշինյանն իր դեմ արշավներ կսկսի, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են պատերազմի օրերին տեղի ունեցած տարբեր դրվագների, 2018-ի դեպքերի ժամանակ Հարությունյանի ունեցած դերի, մասնավորաբար Արցախից ցույցերին մարդ բերելու հետ և այլն։ Թերթի տեղեկություններով՝ Արցախում Հարությունյանից պահանջում են, որ ոչ թե իր խմբակցության կամ ԱԺ հայտարարության տեքստով անատամ ձևակերպումներով հանդես գա և իր մոտեցումները ներկայացնի հայաստանյան իշխանություններին, այլ ուղիղ տեքստով գնահատականներ հնչեցնի Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան քայլերի վերաբերյալ։
Ավելին, պահանջում են՝ բաց տեքստով հայտարարել, որ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու քաղաքականությունը դավաճանություն է։ Արցախյան մեր աղբյուրը հայտնում է նաև, որ Արցախում մարդիկ ասում են, թե «էլ ի՞նչ պետք է գա Արցախի գլխին, որ Արայիկն իրերն իրենց անունով կոչի»։ Հավելենք, որ, դրանից բացի, Արցախում Սամվել Բաբայանը շարունակում է առաջ տանել Փաշինյանի «գիծը»՝ պնդելով, թե Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններն այլընտրանք չունեն (անկարևոր չէ նշել, որ Բաբայանի առաջ քաշած թեզերն ու պնդումներն ակտիվ տիրաժավորվում են ադրբեջանական տելեգրամ ալիքներում)»։