06/07/2023 17:01
Հայաստանը բարձր է գնահատում արևմտյան գործընկերների ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում. Սոնա Ղազարյան
Հայաստանն անցնում է մեծ դժվարությունների միջով` բախվելով անվտանգության ամենամեծ սպառնալիքներին: 2021 թվականից Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անօրինական օկուպացրել է մեր ինքնիշխան տարածքի զգալի մասը, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովում այս մասին հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում արևմտյան գործընկերների` ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում:
«Այս համատեքստում կարևոր է ընդգծել Եվրոպական խորհրդի որոշումը` Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին` նպաստելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և Հայաստանի, և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը:
Ցավոք, Ադրբեջանը դեմ է անգամ այս քաղաքացիական առաքելությանը»,- նշել է նա։
ՔՊ-ական պատգամավորը ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հանգամանքի` Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վրա: Նրա խոսքով՝ շրջափակումը հանգեցրել է ծանր հումանիտար ճգնաժամի: Լեռնային Ղարաբաղի հայերն ապրում են լիակատար պաշարման պայմաններում: Շուրջ 30 հազար երեխա զրկված է լիարժեք կրթության իրավունքից:
«Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգության խնդիրները պետք է լուծվեն նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջոցով` գործընթացում չեզոք միջազգային ներգրավվածությամբ և խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմի ներդրմամբ:
Մեր այցից մի քանի օր առաջ ադրբեջանական զինուժը կրկին հրետանային և անօդաչու թռչող սարքերով ռմբակոծել է Լեռնային Ղարաբաղի դիրքերը` սպանելով 4 զինվորի:
Ադրբեջանը մշտապես մերժում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը, անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումն ու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն է իրականացնում:
Մենք իսկապես հավատում ենք, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը, խաղաղ գոյակցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է հիմնվի խաղաղ և ներդաշնակ ապրելու համար»,- ասել է Սոնա Ղազարյանը: