06/07/2023 12:58
Անհետ կորածների, գերեվարվածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300.000-ական դրամի չափով աջակցություն
Կառավարությունն իր այսօրվա նիստւմ որոշում ընդունեց, որով անհետ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի օգոստոսի 10-ը:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհետ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունման դեպքում, ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն, միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 11 անհետ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝ 2023 թվականի հուլիս և օգոստոս ամիսների համար (1 անհետ կորած անձի ընտանիք աջակացություն ստանալու է 2020 թվականի դեկտեմբեր ամսից սկսած):
10 x 2 x 300.000=6.000.000 դրամ:
1 x 33 x 300.000=9.900.000 դրամ
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի պետական բյուջեից կպահանջվի 15.900.000 դրամ, որը կհատկացվի սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված բյուջետային միջոցներից՝ վերաբաշխում կատարելու միջոցով: