06/07/2023 15:19
Նախկինները տղամարդ էին և պահում էին իրենց խոսքն ու տված երդումը. Արտակ Գալստյանը հայտարարություն է տարածել կալանավայրից
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը կալանավայրից հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
«Հեռուստացույցով տեսա Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը, որտեղ վերջիններս թմրավաճառների իբր բացահայտված ցանցի հետ կապել էին իմ ընտանիքի անդամներին և տեղադրել էին նաև իմ մասին տեսահոլովակ, նաև ինձ կապելով այդ գործի հետ:
Այս առումով հայտնում եմ հետևյալը, իմ ընտանիքը` կինս, որդիս, հարսս այնքան կապ ունեն այդ գործի հետ, որքան որ 2018 թվականին հրապարակում ելույթ ունեցող Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը` վերջինիս հետ: Հայտարարում եմ, որ իմ և իմ ընտանիքի և իմ մտերիմների դեմ հարուցված բոլոր գործերը շինծու են, իսկ կալանավորվածները՝ պատանդներ:
Սա տոտալ քաղաքական հետապնդում է, զուգորդված խոշտանգումներով և իրավական բեսպրեդելով: Նպատակը մոտակա քաղաքապետի ընտրություններին ՔՊ-ի հաղթանակի ապահովումն է: Ի դեպ, չեմ կարող չանդրադառնալ նաև ՔՊ սիրած նախկին և ներկա խաղին:
Այսպես` ի տարբերություն ներկաների, նախկինները քաղաքական պատվերի շրջանակում մի ամբողջ ընտանիք շինծու գործերով չէին կալանավորում և չէին խոշտանգում: Ավելին` չէին սպառնում տան տղամարդուն կնոջ և որդու հանդեպ խոշտանգում կատարելով, իսկ ամենակարևորն այն է, որ նախկինները տղամարդ էին և պահում էին իրենց խոսքն ու տված երդումը, գոնե թե իրավապահ համակարգի` սպայի պատվի մակարդակով:
Իսկ որպես ամփոփում կասեմ հետևյալը. բումերանգի օրենքին չեն հավատում այն մարդիկ, ովքեր դեռ դրա հետ չեն հանդիպել, իսկ որ այդ հանդիպումն անխուսափելի է՝ դա պատմական փաստ է և անհերքելի»։