06/07/2023 19:15
Միջուկային մարտագլխիկների մի մասն արդեն Բելառուսում է
Որոշակի քանակով միջուկային մարտագլխիկներ արդեն տեղակայվել են Բելառուսում, արտասահմանյան ու բելառուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Հստակ քանակի միջուկային մարտագլխիկներ արդեն իսկ տեղափոխվել են Բելառուսի տարածք, դրանք ցամաքով չեն տեղափոխվել»,- մասնավորապես, ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ մարտագլխիկների տեղակայման պրոցեսը Ռուսաստանն ու Բելառուսը միասին են վերահսկում։
«Ինքներս՝ միայնակ սպասարկել չենք կարող, այդ պատճառով էլ այսօրվա դրությամբ ամեն ինչ միասին ենք անում»,- հավելել է Լուկաշենկոն։
Ինչ վերաբերում է միջուկային զենքի կիրառմանը, ապա, Բելառուսի նախագահի խոսքով, իրենք առաջնորդվում են միայն պաշտպանական նպատակներով։
«Կիրառման հետ կապված անհանգստանալ պետք չէ, մենք չենք պատրաստվում հարձակվել ոչ ԱՄՆի, ոչ Գերմանիայի, ոչ Բրիտանիայի վրա։ Մենք ընդհանրապես ոչ մեկի հարձակվել ու միջուկային զենք կիրառել չենք պատրաստվում։ Բելառուսի տարածքում միջուկային զենքի տեղակայումը պաշտպանական նպատակներով է։ Դուք մեզ ձեռք մի տվեք ու մոռացեք միջուկային զենքի մասին, բայց եթե ագրեսիա ձեռնարկեք Բելառուսի դեմ, պատասխանն ակնթարթային կլինի, թիրախները սահմանված են»,- ասել է Լուկաշենկոն։