06/07/2023 12:10
Արցախի մասին ՀՀ պատգամավորների հայտարարությունները վնաս են հասցնում ընդհանուր գործին. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ)
Քաղաքական հայտարարությունները, որոնք արվում են տարբեր խորհրդարանականների կողմից, ինձ համար տարբեր քննարկումների ժամանակ որոշակի խոչընդոտներ են հարուցում, Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով ԱԺ ՔՊ-ական որոշ պատգամավորների՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարություններին։
«Տարբեր քննարկումների ժամանակ մեր միջազգային գործընկերների կողմից վկայակոչվում են այդ հայտարարությունները։ Ցանկալի կլիներ, որ ՀՀ հանրային իշխանությունը ներկայացնող մարմինների կողմից նման հայտարարություններ չհնչեն, որոնք ընդհանուր գործին իրենց վնասն են հասցնում։ Պետք է ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք չեն բխում Արցախի ժողովրդի շահերից և կասկածի տակ են դնում ինքնորոշման իրավունքը», - ասաց Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակի լրջությունը և այն սպառնալիքը, որ կախված է Արցախի ժողովրդի գլխին, նույնիսկ հայաստանյան հասարակության մեջ ամբողջական չի ընկալվել։
«Այն հանդարտությունը, որ կա Հայաստանում, երբեմն նաև սփյուռքում՝ Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ, ինձ համար անընդունելի է», - ասաց Արցախի ՄԻՊ-ը։