06/07/2023 16:53
«ՀայաՔվե»-ն ազգային նախաձեռնություն է, բացարձակ կապ չունի այսօրվա խորհրդարանի իշխանություն-ընդդիմություն հարաբերության հետ. Մինասյան
Բնականաբար, հավատում եմ «ՀայաՔվե»-ի հաջողությանը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Սա առաջին նման մասշտաբային նախաձեռնությունն է։ Հաշվի առնելով հարցի չափազանց կարևոր լինելը մեր ժողովրդի համար, հավատում եմ, որ մեր ժողովուրդը չի կարող այս հնարավորությունը բաց թողնել՝ օրենքի նախագծի հեղինակ դառնալու և պարտադրելու ԱԺ-ին, որպեսզի ընդունվի այս օրենքը։ Այս նախաձեռնության հաջողությունը բերելու է նաև միջազգային հանրության կողմից Հայաստնի և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերի ավելի ամրացմանը», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Ինչ վերաբերում է իշխանության արձագանքին «ՀայաՔվե» նախաձեռնությանը՝ Մինասյանն ասաց, թե նրանք փորձում են քարոզչության միջոցով հանրային ծառայողներին զերծ պահել նախաձեռնությանը միանալուց՝ ներկայացնելով, թե այն սովորական ընդդիմություն-իշխանություն հարաբերության հարց է։
«Չկա այդպիսի բան։ Այս նախաձեռնությունն ազգային է, մեր պետականության նախաձեռնությունն է, մեր քաղաքացիների նախաձեռնությունն է, բացարձակ կապ չունի այսօրվա խորհրդարանի իշխանություն-ընդդիմություն հարաբերության հետ, ոչ էլ իրենց պատկերացրած աթոռակռվի հետ», - ասաց Արծվիկ Մինասյանը։