06/07/2023 16:44
Արցախը տարիներ ի վեր եղել է ՀՀ սահմանապահը. մենք Արցախի ժողովրդին չենք կարող թողնել միայնակ. Սեյրան Օհանյանը միացավ «Հայաքվեին»
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր մասնակցել են «Հայաքվե»-ի ստորագրահավաքին։
«Քաղաքացիական և օրենսդրական այս նախաձեռնությունը անչափ կարևոր է, քանի որ այստեղ նշված են այն բոլոր կարևոր կարմիր գծերը, որոնք մեր խմբակցության և ընդդիմության կարմիր գծերն են։ Կարելի է ընդգծել, որ յուրաքանչյուր գիտակից հայի համար սա շատ կարևոր է՝ Արցախը որևէ պետության կազմում չտեսնել և դրա համար պատասխանատվություն կրել։ Այսօր մենք այնպիսի ճակատագրական պահ ենք ապրում, որ անչափ կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր կամքն ու քաղաքացիական կողմնորոշումը ցույց տա»,-լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ Արցախը դարեր ի վեր եղել է հայկական, նրա համար պատերազմել ենք.«Հայ ժողովրդի նորագույն պատմության վերջին 30 տարին Արցախի ազատության ամենակարևոր ձեռքբերումն է եղել։ Մենք Արցախի ժողովրդին չենք կարող թողնել միայնակ։ Արցախը տարիներ ի վեր եղել է ՀՀ սահմանապահը, իր վրա է վերցրել բոլոր ծանրությունները, պատերազմի դաժանությունները, իհարկե, հայ ժողովրդի և սփյուռքի աջակցությամբ։ Եվ այսօր Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Մենք նախաձեռնություններ ենք փորձել իրականացնել, բայց այսօրվա իշխանությունները մերժել են։ Խոսքը վերաբերում է մեր պաշտպանությանը, անվտանգությանը, արտաքին հարաբերությանը և Արցախին։ Այս պահից օգտվելով, ես պետք է կոչ անեմ մեր հայրենակիցներին, իմ բոլոր ընկերներին միանալ այս նախաձեռնությանը։ Այն քաղաքական բնույթ չի կրում, այն քաղաքացիական նախաձեռնություն է և յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է գալ, միանալ, որպեսզի թույլ չտանք ուրանալ մեր պատմությունը, ինչպես նաև տեր կանգնենք Արցախի ճակատագրին»։
Հարցին՝ արդյո՞ք իշխանությունը հավանություն կտա այս նախաձեռնությանը՝ Օհանյանը պատասխանեց.«Եթե իշխանության քայլերին մենք նայենք, ապա բնական է, որ իրենք փորձելու են ինչ-որ արգելքներ դնել սրա համար։ Այս 2.5 տարա ընթացքում Արցախին վերաբերող ընդդիմության բոլոր նախաձեռնությունները իրենք մերժել են։ Եվ հիմա էլ մենք համացանցում տեսնում ենք, որ իրենք իրենց կողմնակիցներին համապատասխան ցուցումներ են տալիս, որպեսզի ստորագրահավաքին չմիանան»։