06/07/2023 09:24
«Հրապարակ». Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել օդանավ բարձրանալ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը հուլիսի 3-ին եռօրյա այցով մեկնել է Վարշավա՝ Լեհաստան։ Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, ում, սակայն, թույլ չեն տվել օդանավ բարձրանալ, որովհետև ՍԷԿՏ-ը փակ է` երկրից դուրս գալու իրավունք չունի: Օդանավակայանում են իմացել այդ մասին, մինչդեռ ԱԺ-ն հոգացել էր նրա տոմսերի, հյուրանոցի և մյուս այլ ծախսերը: Գործուղումից մի քանի օր առաջ պատգամավորը հավաստիացրել է աշխատակազմին, որ դատարանը թույլատրել է իր ելքը, որ այդ մասին իր փաստաբանն է իրեն փոխանցել։
Գևորգյանը, հիշեցնենք, անցնում է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն քրեական գործով և արդեն մի քանի տարի է՝ «դատվում» է, ու ամեն գործուղումից առաջ դատարանը սահմանը հատելու թույլտվություն է տալիս։ Այս անգամ էլ, պարզվում է, դատարանը որոշում է կայացրել, բայց չեն հասցրել մուտքագրել համակարգ, և օդանավակայանում այն չի երևացել: Թռիչքը եղել է ուշ ժամի` չեն կարողացել տվյալների փոխանցման կենտրոնի աշխատողներին քնից հանել կամ համակարգը ռեսթարթ անել, և Գևորգյանն օդանավակայանից հետ է դարձել:
Մենք տեղեկացանք, որ Գևորգյանի պատճառով թռիչքն ուշացել է, հետո էլ սպասել են, որ պատգամավորի` «բագաժ» հանձնված ուղեբեռը հետ բերեն։ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաստատեց, որ Գևորգյանը չի մեկնել պատվիրակության հետ։ Հավելեց, որ նա նախապես ԱԺ-ին հավաստիացրել էր, որ ունի թույլտվություն, իսկ մյուս հարցերի վերաբերյալ Գևորգյանն ինքը պարզաբանում կտա»։