06/07/2023 10:16
«Ժողովուրդ». Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստերը չեն կայանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստերը չեն կայանում: Բանն այն է, որ դատարանը առաջին նիստը նշանակել է մայիսի 16-ին, սակայն գործով անցնող անձանց պաշտպանները առաջին նիստի օրը չեն ներկայացել դատարան՝ նշելով, որ չեն կարող ներկայանալ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:
Արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը հերթական նիստն է նշանակել հունիսի 26-ին, բայց էլի նիստը չի կայացել: Դատարան է ստացվել մեղադրյալի պաշտպանների դիմումն առ այն, որ մասնակցելու են Փաստաբանների պալատի կողմից անցկացվող սեմինարին և միաժամանակ նաև իրականացվող ակցիային: Ստացվում է, որ դատարանը նիստեր է հրավիրում, բայց դրանք չեն կայանում: Հերթական նիստը հրավիրվել է հուլիսի 26-ին:
Ի դեպ, չնայած դատապաշտպաները չեն գալիս, բայց մեղադրյալ պատգամավոր Մհեր Սահակյանը բոլոր նշանակված նիստերին անձամբ նրկայացել է դատարան:
Հիշեցնենք, որ ս․թ․ մարտի 31-ին միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ նիստի ժամանակ։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մհեր Սահակյանը աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել։ Սահակյանը պնդում է, որ բռունցքով է հարվածել՝ պատասխանելով Վարդանյանի ագրեսիային»։