06/07/2023 16:07
Չենք դադարում զարմանալ Մակրոնի պաթոսից. Մոսկվան պատրանքներ չի ունեցել, որ Ֆրանսիան կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծմանը. Մարիա Զախարովա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները ղարաբաղյան կարգավորման հարցում իր դերակատարության մասին որևէ արդյունքով չեն հաստատվում, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մակրոնը, հիշեցնենք, ասել էր, թե Արցախի հարցով ճնշում է գործադրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ և որ Արցախի հարցում ինքը միակն է, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունի։
«Նման հայտարարություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ նախագահ Մակրոնի համեստությանը զիջում է միայն նրա առնականությունը։ Իհարկե, մենք երբեք չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի այս հատկանիշներից, այն պաթոսից, որով նա խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում իր անձնական դերակատարման, ավանդի մասին։ Ափսոս՝ նա ոչինչ չի ասել նման արգասաբեր աշխատանքի գործնական արդյունքների մասին. գործընթաց կա, արդյունք չկա: Իսկ գուցե, նա այդ մասին չի ասել, որովհետև ոչ ոք երբեք այդ արդյունքները չի տեսել: Ընդ որում, ոչ ոք որևէ արդյունք չի տեսել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում Ֆրանսիայի միջնորդության հարցում, այլև մյուս միջազգային հարցերում, որոնք նախագահ Մակրոնը բազմից հանձն է առել», - ասել է Զախարովան։
Մոսկվան, նրա խոսքով, վաղուց պատրանքներ չի ունեցել , որ Ֆրանսիան կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծմանը:
«2022-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի սաբոտաժը, իսկ իրականում խմբի փլուզումը, այդ թվում՝ Փարիզի ջանքերով, անցած աշնանը բանաձևի ընդունումը, որը դատապարտում էր, ինչպես նրանք էին գրել, Ադրբեջանի ագրեսիան և պատժամիջոցներ էր պահանջում երկրի ու նրա պաշտոնյաների դեմ, Փարիզի կողմից կասկածելի մանդատով և առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին որոշումների նախաձեռնումը, այս ամենը տարածաշրջանային այս հակամարտությունում ֆրանսիական օրակարգի վառ օրինակներ են», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: