06/07/2023 15:09
Ռուսաստանը չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով. Մարիա Զախարովա
Ռուսաստանի Դաշնությունը չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք մեր ծայրահեղ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման առնչությամբ: Առկա տեղեկատվության համաձայն՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնալով վատթարանում է: Ցավով պետք է արձանագրենք, որ մատակարարումների կրճատման դեպքում Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղամիջոցների պաշարների», - ասել է դիվանագետը։
Նա նշել է, որ ռուս խաղաղապահների գործողությունները Ղարաբաղում կհամապատասխանեն տեղում իրավիճակի զարգացմանը և եռակողմ պայմանավորվածություններին։
Զախարովան ասել է նաև, որ Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Խովաևը շուտով կայցելի տարածաշրջան։