06/07/2023 12:44
Այգիներ կան, որոնք բերքատվություն չունեն. կարող ա երկու բանկա մուրաբայի կամ 5լ օղու համար անհրաժեշտ բերք տան. Փաշինյան
ՀՀ-ում շատ եմ ճամփորդում և չեմ վարանում քաղաքացիների տնամերձ այգիները մտնել, խոսել նրանց հետ։ Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ տնամերձները քաղաքացիների բարեկեցության առումով ցածր արդյունավետություն ունեն.«Դա պայմանավորված է նրանով, որ այդ հայացքը, որ այդ տնամերձ հողակտորը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդկանց բարեկեցության վրա՝ այդ ընկալումը չկա։ Դա էլ պայմանավորված է նրանով, որ այդ այգիներում տնկված են ծառեր, որոնք տնկվել են անցյալ մի ժամանակում և դրանից հետո այդ ծառերի, այգիների մշակման ուղղությամբ մեծ աշխատանք չի արվել, քանի որ դա նայվել է որպես հոբբի»։
Նրա խոսքով՝ համայնքներում կան բազմաթիվ հողեր, որոնք նույնիսկ հոբբիի մակարդակով մշակման չեն ենթարկվում.«Կան այգիներ, որոնք բերքատվություն չունեն էլ, կարող ա երկու բանկա մուրաբայի բերք տան կամ՝ 5լ օղու համար անհրաժեշտ բերք։ Հիմա գաղափարն այն է, որ պետությունը քաղաքացիներին առաջարկի, որ նրանք, ովքեր իրենց հողամասը կազատեն հին տնկիներից, 95 տոկոսով աջակցություն կստանան՝ հավաստագրված կամ բուսասանիտարական տնկիներ։ Պետությունը նաև կաջակցի կաթիլային ոռոգում քաշելու հարցում։ Մենք գիտենք, որ այս գաղափարը շատ դժվար է իրագործվելու, բայց մենք պետք է հետևողականորեն, առանց հոգնելու աշխատենք մեր քաղաքացիների հետ։ Խոսել ենք այս թեմայով, ասում են՝ ծառ ա, բերք չի տալիս, բայց ասում ա՝ պապս ա տնկել, ես ո՞նց հանեմ։ Բայց պապն էլ ա պապ ունեցել, պապի պապն էլ ա ծառ տնկել, բա ո՞նց ա, որ հիմա պապի պապու ծառը չի այգում, այլ ընդամենը պապի»։