06/07/2023 17:24
Կրեմլում անդրադարձել են ռուբլու կուրսի անկման պատճառներին
Արտարժույթի փոխարժեքի կուրսի զգալի տատանումները հաճախ առաջանում են «սպեկուլյատիվ խաղերի» պատճառով, չի բացառվում, որ այդ գործոնը դեր է խաղացել նաև այժմ, անդրադառնալով երեկ արձանագրված ռուբլու կուրսի անկմանը՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նախօրեին Մոսկվայի բորսայում արժույթի առուվաճառքի ժամանակ դոլարի փոխարժեքը 2022 թվականի մարտի 28-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է 92 ռուբլուց, եվրոյի փոխարժեքը նույնպես առաջին անգամ գերազանցել է 100 ռուբլին՝ 2022 թվականի մարտի վերջից ի վեր։
«Իսկապես, մենք բոլորս տեսնում ենք, որ տատանումներ են արձանագրվում՝ փոխարժեքն աճում է, ռուբլին՝ անկում ապրում։ Բայց եկեք հիշենք. մենք դա արդեն մի քանի անգամ տեսել ենք, նաև հիանալի գիտենք, որ, որպես կանոն, փոխարժեքի թանկացումներում մեծ դեր է խաղում սպեկուլյատիվ խաղերի գործոնը, ինչը, հավանաբար, չի կարելի բացառել նաև հիմա»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցի, թե մտահոգու՞մ է արդյոք Կրեմլին ռուբլու հետ կապված իրավիճակը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է նաև, որ երկրի տնտեսական վիճակն ընդհանուր առմամբ կայուն է։
«Մակրոտնտեսական ցուցանիշներն իրականում սպասվածից լավն են, ուստի այստեղ մակրոտնտեսական կայունության հետ կապված ոչ մի հարց չի կարող լինել»,- ասել է Պեսկովը։