06/07/2023 12:33
Ստեփանավանի թիվ 1 վարժարանում սովորողների թիվը քիչ է. այն կմիավորվի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցին
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց «Լոռու մարզի Ստեփանավանի հ1 վարժարանը» միացնել ԿԳՄՍՆ «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նման որոշման պատճառն այն է, որ վարժարանում կտրուկ նվազել է սովորողների թիվը, միջին դպրոցի (5-9-րդդասարաններ) աշխատանքը դարձել է ոչ արդյունավետ, վարժարանի տեղակայման վայրն անհարմար է, վատ են շենքային պայմանները:
Մյուս կողմից, «Ստեփանավանի Հ.Թումանյանի անվան ավագ դպրոցի» լիցենզիայով սահմանված տեղերի քանակը կազմում է 450, իսկ ներկայումս դպրոցում սովորում է 39 աշակերտ: «Ստեփանավանի թիվ 1 վարժարանի» լիցենզիայով սահմանված տեղերի քանակը վարժարանի հիմնական դպրոցում /5-9-րդ դասարան/ 149-ն է, սակայն հիմնադրման պահից ի վեր հիմնական դպրոցում սովորող չի եղել: Վարժարանի ավագ դպրոցին հատկացված լիցենզիայով սահմանված տեղերի քանակը կազմում է 192, ներկայումս սովորում է 116 աշակերտ:
Ակնկալվում է, որ Ստեփանավանի հ1 վարժարանի սովորողները կունենան համապատասխան տարածք ավագ դպրոցի ուսուցումը կկազմակերպվի ավելի արդյունավետ՝ էապես բարելավելով կրթության որակը: