06/07/2023 19:40
Այլ երկրներում գրանցված ավտոմեքենաները, որոնց նկատմամբ տուգանք է սահմանվել՝ Ռուսաստանում գտնվելիս երթևեկության կանոնները խախտելու համար, չեն կարողանա լքել ՌԴ տարածքը
Ռուսաստանում երթևեկության կանոնների խախտումների համար տուգանված՝ արտասահմանյան գրանցմամբ ավտոմեքենաներին թույլ չեն տա լքել սահմանը
Այլ երկրներում գրանցված ավտոմեքենաները, որոնց վարորդները ՌԴ-ում տուգանվել են երթևեկության կանոնները խախտելու համար, դուրս չեն թողնվի երկրի սահմաններից, հայտարարել է ՌԴ պետավտոտեսչության պետ Միխայիլ Չեռնիկովը։
«Տրանսպորտի նախարարության հետ օրենքի նախագիծ ենք պատրաստել, որով կարգելվի օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցների կողմից Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը հատելը, եթե մինչ այդ դրանց կողմից եղել ու գրանցվել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ։ Այդպիսի ավտոմեքենաները պահվելու են տուգանային հրապարակներում»,- ասել է նա՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Չեռնիկովը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը Պետդումայի կողմից առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է։
«Սա արտասահմանյան բեռնափոխադրումների այսօրվա գործող համակարգի անալոգն է․ եթե կան խախտումներ, ապա բեռնափոխադրող տրանսպորտային միջոցները մնում են։ Նորմը կտարածվի նաև մասնավոր, այդ թվում՝ մարդատար մեքենաների վրա։ Չգիտես ինչու՝ մեր հյուրերը, որոնք այստեղ են գալիս այլ երկրում գրանցված տրանսպորտային միջոցներով, իրենց անպատիժ են զգում»,- ասել է ՌԴ պետավտոտեսչության պետը։