07/07/2023 18:13
«Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է, սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը՝ անբարոյականություն»․ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց Փաշինյանի պնդումներին
Լրագրողների խնդրանքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի քննադատություններին ու մեղադրանքներին՝ ուղղված նախկին իշխանություններին։
«Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է, և եթե դրանով զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյան, ինքն է դառնում չարիք։ Սա՝ մեկ։
Երկրորդը՝ սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է, իսկ այնտեղ զրպարտանքի շատ-շատ մեծ չափաբաժին կա։
Երրորդը՝ հոգեբաններն ասում են, որ ստախոսներն, ի վերջո, գալիս, հասնում են մի հանգրվանի, երբ իրենք են սկսում իրենց ստերին հավատալ։ Բայց կա մի այսպիսի հուսադրող հանգամանք՝ նրանք ասում են, որ դա ստախոսության, այսպես ասեմ՝ վերջին փուլն է։ Հույս ունեմ, որ մենք գտնվում ենք այդ վերջին փուլում»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ այսինքն, մեզ գործընթացնե՞ր են սպասվում, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց․
«Իհարկե, սպասվում են։ Ո՞նց կարող են գործընթացներ չլինել։ Իսկ լրջորեն պատասխանել մի մարդու, ով հրապարակավ խոստովանում է, որ զինվորականները 10-ից ավելի անգամ իրեն խաբել են 44-օրյա պատերազմի ժամանակ ․․․ Դուք պատկերացնու՞մ եք՝ մարդ, ում 10 անգամ կարող են խաբել և ինքը դա չզգա։ Այսինքն, կառավարման ի՞նչ ունակություն պետք է ունենա այդպիսի մարդը, կամ ի՞նչ գիտելիք պետք է ունենա այդպիսի մարդը։ Մեր ամբողջ ողբերգության պատճառը դրանում է կայանում, ուրիշ ոչ մի բանում»։
Լրագրողների խնդրանքով ՀՀ երրորդ նախագահն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե իշխանության գալուց հետո իր մոտ կասկածներ են առաջացել, որ պատերազմ է լինելու, դրա համար էլ իրեն «թույլ են տվել» գալ իշխանության։
«Դա ինքը իշխանության գալու հետո՞ է իմացել։ Բա, եթե դրանից հետո է իմացել, ինչու՞ են իրենք հղում անում 2016 թվականի իմ ասածների վրա, 2017 թվականի իմ ասածների վրա։ Եթե իրենք իմացել են, որ այդպես է, բա ինչու՞ էին իրենց ճղում՝ իշխանության գալու համար։ Ե՞ս եմ ասել՝ կամ ես պիտի լինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չպիտի ունենա․․․
Այդ մարդկանց բոլոր ասածները իմ նախորդ բոլոր ասածների մեջ տեղավորվում են»,- ասաց Սերժ Սարգսյանը։