07/07/2023 21:25
Ֆրանսիայում կուժեղացնեն պաշտոնյաների պաշտպանությունը․ Monde
Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին երկրի իշխանությունները 5 միլիոն եվրո կհատկացնեն ընտրված պատգամավորների և քաղաքապետերի պաշտպանությանն ուղղված ծրագրին, որով նախատեսվում է պաշտոնյաներին իրավաբանական ու հոգեբանական օգնություն ցուցաբերել, Monde պարբերականի հետ զրույցում ասել է տարածքային հարցերով նախարար-պատվիրակ Դոմինիկ Ֆորը։
Monde-ի հրապարակման համաձայն՝ Ֆրանսիայի կառավարությունը փորձում է ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել ընտրված պաշտոնյաներին պաշտպանելու հարցում, քանի որ վերջին օրերին Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ հենց նրանք էին թիրախ դարձել։ Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են նրանց համար ապահովել իրավական պաշտպանություն, հոգեբանական աջակցություն, հատուկ ծառայություններին ահազանգելիս պաշտոնատար անձի գտնվելու վայրը տեղորոշելու հնարավորություն ստեղծել, քաղաքապետարաններն հարող տարածքների կամ քաղաքապետերի բնակավայրերի պահպանության ավելի արդյունավետ մեթոդներ ձեռնարկել։
«Այսօր ես կներկայացնեմ 12 միջոցառումներից բաղկացած ծրագիրը, դրա իրականացման համար 5 միլիոն եվրո կտրամադրվի»,- պարբերականի հետ զրույցում այս առնչությամբ ասել է նախարար-պատվիրակը՝ հավելելով՝ մեկ օրվա մեջ ընտրված 7 պաշտոնատար անձանց վրա տեղի ունեցած հարձակումներն անթույլատրելի են։
Նշենք, որ օրեր շարունակ Ֆրանսիայում շարունակվող անկարգությունների ժամանակ Լ՚այ-լե-Ռոզի քաղաքապետ Վենսան Ժանբյուրն ահազանգել էր, որ իր ու իր ընտանիքի նկատմամբ մահափորձ է կատարվել, անկարգությունների մասնակիցները գրոհել են իր տան վրա, իր կինն ու երեխան վնասվածքներ են ստացել։ Անկարգությունների ժամանակ, ըստ Ֆրանսիայի ՆԳ նախարարության, ամբողջ երկրի տարածքում 500 քաղաքապետարաններ են հրկիզվել, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքների և պետական այլ մարմինների շենքեր։
Նախօրեին էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո երկրում կարգուկանոնը վերականգնվել է։ Ֆրանսիայի նախագահը նաև հորդորել էր տեղի ունեցածից «հապճեպ եզրակացություններ չանել»։