07/07/2023 14:28
«ՀայաՔվե» նախագիծն ընդունելու պարագայում Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու ոչ միայն Արցախին, այլ նաև՝ Հայաստանին. Գևորգ Պապոյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը շարունակում է պնդել՝ «ՀայաՔվե» նախաձեռնությունը կարող է պատերազմի պատճառ դառնալ։
«Մենք հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ, բանակցությունների ժամանակ կողմերին պետք է թողնել ճկունության տեղ, եթե դիմացի կողմին չես թողնում ճկունության տեղ, ապա դիմացի կողմը ունի 2 տարբերակ՝ կա՛մ ճանաչում է այն, ինչ դու ուզում ես, կա՛մ պատերազմ է հայտարարում, իսկ հիմա ո՞րն է հավանական. նման նախագիծ ընդունելու պարագայում Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու ոչ միայն Արցախին, այլ նաև՝ Հայաստանին, որովհետև միջազգային հանրությանն ասելու է, որ Հայաստանը միջամտում է իր հարցերին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանին հիմա պատերազմ պետք չէ, գնում ենք խաղաղության օրակարգով, իսկ «ՀայաՔվեն» առիթ է. «Ադրբեջանը հիմա սպասում է, որ այդ նախաձեռնությունը ստանա հաջողություն, Ադրբեջանը երազում է դրա մասին»։
Ըստ ՔՊ-ականի՝ «ՀայաՔվեն» պատերազմի հրձիգ է։