08/07/2023 22:23
Ամառային սնունդ երեխաների համար․ Ինչպե՞ս նվազագույնի հասցնել աղիքային վարակի ռիսկերը
Ամռան շոգ եղանակն սկսվելուն պես՝ շատ ծնողներ նկատում են, որ երեխան դժկամությամբ է ուտում կամ հրաժարվում է ուտելիքից, նույնիսկ՝ սիրելի ուտեստներից։
Ըստ մասնագիտական կարծիքի՝ վախերն իզուր են․ շոգին նյութափոխանակության գործընթացները դանդաղում են, երեխային անհրաժեշտ են նվազագույն կալորիաներ, միևնույն ժամանակ՝ բավականաչափ հեղուկ, վիտամիններ և հանքանյութեր։
Մասնագետները խորհուրդ են տալիս ամբողջ ընտանիքին ամռանն օգտվել թեթև և բազմազան սննդակարգից։
Ամռանը երեխաների սնուցման սկզբունքները մնում են նույնը, բայց կան մի շարք առանձնահատկություններ․
Առավոտյան կարելի է առաջարկել շիլա, բայց եփած ոչ թե կաթի մեջ, այլ պարզապես ավելացնելով կաթի և ջրի խառնուրդ. վարսակի ալյուրը հիանալի տարբերակ է՝ ամռանը, կարելի է օգտագործել նաև բրինձ, հնդկաձավար կամ կորեկ:
Շիլան եփելուց հետո կարելի է ավելացնել ամառային հատապտուղներ՝ չափաբաժիններով՝ կախված երեխայի տարիքից:
Որպես երկրորդ նախաճաշ, կարելի է երեխային առաջարկել մածուն, կաթնաշոռ՝ ավելացնելով թարմ մրգեր, բիոլակտ կամ թարմ մրգահյութեր:
Կեսօրին ևս երեխային կարելի է տալ կաթնամթերք, կեֆիր՝ քաղցր մրգերի կամ հատապտուղների հավելումով։
Ճաշին կարելի է առաջարկել բանջարեղենային ապուր՝ ապահովելով անյուղ մսի և սեզոնային բանջարեղենի քանակը՝ ցուկինի, ոլոռ,կաղամբ, եգիպտացորեն, լոլիկ և այլն:
Ուտեստը կարելի է փոխարինել նաև աղցանով. նախ՝ այն թեթև կերակուր է, երկրորդը՝ հարուստ է վիտամիններով և այլ օգտակար նյութերով։
Իսկ ընթրիքի լավագույն տարբերակւ կլինի թեթև սնունդը (շոգեխաշած կոտլետներ կարտոֆիլի պյուրեով, տապակած բանջարեղենով և այլն)։
Ճարպերի կարիք ամռանը ևս կզգացվի, բայց հիմնական շեշտը պետք է դնել բուսական ճարպերի վրա՝ երեխայի սննդակարգում ավելացնելով եգիպտացորենով, կտավատի սերմերով աղցաններ, օգտագործելով արևածաղկի և ձիթապտղի յուղեր։
Աղցանների մեջ խորհուրդ է տրվում ավելացնել մի քիչ սոխ և սխտոր, ինչը կխթանի ոչ միայն ախորժակը, այլև մարսողական հյութի արտադրությունը։
Կանաչի ավելացնելը ևս հիանալի լուծում է: Ցանկացած կանաչի ոչ միայն հարուստ է վիտամիններով, այլև ախորժակի խթանիչ է հանդիսանում։
Ամռանը մեծացնում է նաև աղիքային վարակ ստանալու վտանգը։ Սննդաբանները հորդորում են պահպանել մի քանի կանոն․
Սնունդ պատրաստելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել հիգիենայի կանոնները։
Բոլոր մթերքները պետք է մանրակրկիտ լվացվեն հոսող ջրի տակ։
Կտրող տախտակները պետք է լվացվեն լվացող միջոցներով և լինեն չոր։
Հում բանջարեղենն ու մրգերը նույնպես պետք է մանրակրկիտ լվացվեն հոսող ջրի տակ:
Երեխան պետք է խմի միայն բարձրորակ ջուր։
Աղցաններն ու աղանդերը պետք է պատրաստվեն մեկ անգամվա համար և անմիջապես սպառվեն։
Կաթը, կաթնաշոռը, կեֆիրը և յոգուրտները պետք է պահվեն բացառապես սառնարանում, կամ, լավագույն դեպքում,սպառվեն փաթեթը բացելուց հետո:
Շուկայից գնված կաթը պետք է անպայման եռացնել։
Ձուն պետք է պինդ խաշել։
Ցանկացած սննդամթերք գնելուց առաջ պետք է ստուգել պահպանման ժամկետները և տեղեկանալ պահման պայմանների մասին.
Այս կանոնները պահպանելու դեպքում թունավորման և աղիքային վարակի ռիսկը նվազագույնի է հասցվում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն:
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: