08/07/2023 17:42
Պաշտոնական Բաքուն մանիպուլացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը․ Եղիշե Կիրակոսյան
Պաշտոնական Բաքուն մանիպուլացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, «Ազատության» հետ զրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով՝ Ադրբեջանը պետք է կատարի դատարանի՝ օրերս կայացրած որոշումը առանց վերապահումների՝ ապաշրջափակելով Լաչինի միջանցքը։
«Ադրբեջանը, բնականաբար, հերթական անգամ մանիպուլացնում է դատարանի որոշման իմաստն ու բովանդակությունը։ Հետևյալն է ասել դատարանը, որ այս հանգամանքներում անհրաժեշտություն չի գտնում, որ փոփոխի իր կիրառած ժամանակավոր միջոցը», - ասել է Կիրակոսյանը։
Փետրվարին կայացված որոշումից ու դրա չկատարումից հետո Հայաստանը վերջերս դարձյալ դիմել էր Հաագայի դատարան՝ ահազանգելով, որ Բաքուն ոչ միայն չի բացում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, այլ նաև միջանցքում անցակետ է տեղադրել։
«Միևնույն ժամանակ դատարանը երկրորդ կետով միաձայն վերահաստատել է փետրվարի 22-ին կիրառած ժամանակավոր միջոցը, որը փաստացի նշանակում է մի բան, որ դատարանը ներկա իրավիճակում էլի անհրաժեշտ է համարում ու կիրառելի է համարում այն, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել կամ ձեռնարկել իր իրավասությամբ եղած բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով։ Եվ վստահաբար, այս որոշումը դրա մասին է», - նշել է նա։
Բաքուն, սակայն, պնդում է՝ Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է « Ադրբեջանի՝ իր սահմանները վերահսկելու իրավունքը»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածած հայտարարությամբ ողջունել է դատարանի որոշումը, որն, ըստ Բաքվի, հայկական կողմը սխալ է մեկնաբանել։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում