08/07/2023 17:55
Հայաստանը բարեխիղճ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ․ Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումները կանխելու համար միջազգային ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարեխիղճ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, բայց բանակցային գործընթացում և գետնի վրա դեռ բախվում է սպառնալիքների, ուժի իրական կիրառման։ «Մենք ունենք Լեռնային Ղարաբաղի շրջափակում։ Մեզ առավել շատ միջազգային ջանքեր են հարկավոր էթնիկ զտումները կանխելու համար»,- ասել է նա։
Արարատ Միրզոյանի խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում է էթնիկ զտման իրական վտանգի»։
«Եթե համաշխարհային կարգը, որի մասին մենք խոսում ենք, որի մասին երազում ենք, հիմնված է արժեքների վրա, այդ դեպքում մարդկությունը շանս ունի։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մենք խոսում ենք մարդկային կյանքերի մասին։ Հիմա խոսում ենք համաշխարհային անկարգությունների, միջազգային իրավունքի խախտումների մասին, բայց դրա մասին մենք խոսել ենք 2020 թվականից, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում, որից հետո մի քանի անգամ էլ ներխուժում է եղել Հայաստանի սուվերեն տարածք»,- ասել է Միրզոյանը։