08/07/2023 20:14
Անվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևը կայցելի Հայաստան
Անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակի մրցանակակիր (2015թ) Դմիտրի Մասլեևը վարպետության դասերով կայցելի Երևան և Սյունիք: Աշխարհահռչակ դաշնակահարը Հայաստան կայցելի Primavera Foundation of Armenia-ի հրավերով: Մասնակիցների համար վարպետության դասերն անվճար են:
Հիմնադրամից տեղեկացնում են, որ Դմիտրի Մասլեևի դասերը կկայանան հուլիսի 7-ին և 8-ին Երևանում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, այստեղ կլինի նաև կլոր սեղան-քննարկում: Հուլիսի 10-ից 12-ը Մասլեևը կայցելի Սյունիք՝ անցկացնելով վարպետության դասեր մարզի պատանի եաժիշտների հետ և հանդիպումներ՝ երաժշտական դպրոցների ուսուցիչների հետ: Միջոցառումները տեղի կունենան Մեղրիում և Կապանում: Բոլոր միջոցառումներն անվճար են թե՛ ակտիվ մասնակիցների, թե՛ ունկնդիրների համար:
Լրագրողների հետ հանդիպանը Մասլեևն ասել է. որ արդեն հասցրել է պարապել մի քանի տաղանդավոր երիտասարդների հետ. ‹‹Բոլորը շատ բարդ և ծավալուն ստեղծագործություններ են ներկայացրել և ի սկզբանե ծրագրած 40-ական րոպեի փոխարեն որոշեցինք ամեն դաշնակահարի հետ պարապել ամենաքիչը մեկ ժամ: Երեխաները շատ տաղանդավոր են և արագ են ընկալում ու մեծ եռանդով ջանում են արձագանքել իմ բոլոր նկատողություններին ու ուղղորդումներին››:
Մասլեևը հավելել է, որ շատ ոգևորված է դեպի Սյունիք իր ճանապարհորդությամբ և վստահ է, որ այնտեղ կգտնեն ոչ պակաս տաղանդավոր երեխաների: Նա նշել է, որ մասնագիտական հարցերում երիտասարդներին աջակցելն ու ուղղորդելն անչափ կարևոր է, քանի որ ժամանակին իրեն էլ են օգնություն ցուցաբերել և հիմա նա պարտավոր է նույնն անել գալիք սերնդի համար:
Դմիտրի Մասլեևին France Musique ռադիոկայանը Ֆրանսիայի ազգային նվագախմբի հետ դեբյուտից առաջ ներկայացրել է որպես. «Սուպեր մենակատար»: Այստեղ նա կատարել է Չայկովսկու Դաշնամուրի N1 կոնցերտը։ Հենց այս ստեղծագործության հետ է կապված Մասլեևի միջազգային կարիերան, որը մեծ թափով առաջ սլացավ 2015թ.-ին Մոսկվայում կայացած Չայկովսկու անվան միջազգային մրցույթում նրա փայլուն հաղթանակից հետո: 2022թ.-ին Մասլեևի դեբյուտը Փարիզի ֆիլհարմոնիայում հաստատեց, որ մեր ժամանակի ամենահետաքրքիր դաշնակահարների մեջ նոր երևույթ է ի հայտ եկել. «Ինչպիսի՜ արտիստ: Ամեն ինչ այնքան պարզ է, այնքան հանճարեղ, առանց երաժշտությունը բացատրելու, անգամ, ամենափոքր ճիգի»,-գրել է Ալեն Լոմպեկը (Bachtrack): Մասլեևի վիրտուոզ և միևնույն ժամանակ պոետիկ ու խորը զգացմունքային կատարումներով հիանում է ողջ աշխարհի երաժշտասեր հանրությունը՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, Եվրոպայից մինչև Թայվան, Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Չիլի և Էկվադոր:
Մասլեևը այս տարվա սեպտեմբերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագագախմբի հետ առաջին անգամ համերգով հանդես կգա Հայասատանում՝ Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: