08/07/2023 22:08
«Շաուրման մեր կյանքի անբաժանելի ուղեկիցն է, այն պետք է որակյալ լինի»․ Պետդումայի պատգամավորը դիմել է Ռոսպոտրեբնադզորին
Պետդումայի պատգամավոր Վլադիսլավ Դավանկովը («Նոր մարդիկ» կուսակցությունից) դիմել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովային՝ առաջարկելով մշակել ցուցումներ՝ շաուրմա պատրաստողների համար, որպեսզի սահմանվեն դրա մեջ ներառվող օգտակար բաղադրիչներն ու բացառվի վնասակարների գործածումը՝ շաուրմա պատրաստելիս։ Այդ մասին, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է «Նոր մարդիկ» ("Новые люди") կուսակցության մամուլի ծառայությունը։
«Այսօր մենք «ճիշտ» շաուրմայի ստանդարտներ չունենք, այդ պատճառով էլ յուրաքանչյուրն այն պատրաստում է այնպես, ինչպես ցանկանում է։ Դիմել եմ Ռոսպոտրեբնադզորին ու առաջարկել եմ մշակել կոնկրետ չափորոշիչներ՝ շաուրմա պատրաստելու համար։ Հարկավոր է սահմանել օգտակար բաղադրիչները և բացառել բոլոր վնասակարները»,- Դավանկովի խոսքերն է մեջբերել նրա կուսակցության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել է Պետդումայի պատգամավորը, շաուրմայի բաղադրության վերաբերյալ պաշտոնական չափորոշիչներ չսահմանելու պատճառով է, որ «շաուրմա պատրաստողները ավելի շատ վնասակար մթերքներ են ավելացնում դրա բաղադրության մեջ»։
Դավանկովն առաջարկել է նաև «մոսկովյան ստանդարտ» որակի նշան սահմանել և այն փակցնել շաուրմայի վաճառքի այն կետերում, որոնք կպահպանեն Ռոսպոտրեբնադզորի ցուցումները։
«Շաուրման մեր կյանքի անբաժանելի ուղեկիցն է, նշանակում է, այն պետք է որակյալ լինի»,- ասել է պատգամավորը։