08/07/2023 19:43
Դարդեն եղբայրները կայցելեն Կինոյի տուն
Հուլիսի 9-ին, ժամը 14:30-ին Դարդեն եղբայրները կայցելեն Կինոյի տուն և իրենց ստորագրությունները կթողնեն հայտնի բուխարու սրահում։
Այնուհետև, հուլիսի 9-ին, ժամը 15։00-ին Կինոյի տան մեծ դահլիճում (Վարդանանց 18) հանդիպում կկայանա Դարդեն եղբայրների հետ։ Հանդիպումը կվարի Ջոել Շապրոնը։ Միջոցառումը կազմակերպել է «Ոսկե ծիրան»-ը՝ Creative Armenia-ի հետ համագործակցությամբ:
Ինչպես հաղորդում են կինոփառատոնի գրասենյակից, 20-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերն են լինելու Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի կրկնակի դափնեկիրներ, եվրոպական կինոյի կենդանի լեգենդներ՝ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն եղբայրները, որոնց կշնորհվի «Ոսկե ծիրան»-ի պատվո մրցանակը կինոյում ունեցած մեծագույն ավանդի համար։
Հեղինակների հետ մեծ հանդիպումից հետո, Երևանում նաև կիրականացվի նրանց ֆիլմերի հետահայաց ծրագիրը։
Հանդիպման վերջում Common Ground-ը տեղում կկազմակերպի Լյուկ Դարդենի «Մեր ֆիլմերի հետևում» գրքի սահմանափակ քանակությամբ վաճառք՝ հեղինակների ստորագրությամբ։