08/07/2023 11:16
Ո՞նց կարող է Նաիրի Հունանյանը լինել «ՀայաՔվեի» դեմքը․ ամենակեղտոտ մեթոդներով է հակազդում այս իշխանությունը․ Չալաբյան
Մեկ շաբաթվա մեջ մենք գործարկեցինք քվեարկության 12 կետ Երևանում և 14 կետ մարզերում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե » նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
Նրա խոսքով՝ նախաձեռնության մասով հանրային շատ մեծ քննարկում է սկսվել.«Ստորագրահավաքի 1-2-րդ օրից սկսած՝ իշխանությունների կողմից սկսվեց հակազդեցությունը: Մեզ համար զարմանալի չէ: Միանգամից ամենասև, ամենակեղտոտ, նսեմ մեթոդներով է հակազդում այս իշխանությունը: Երեկ ես մի գրառում եմ տեսել, որտեղ պատկերված է Նաիրի Հունանյանը և գրված է.«Սա է «ՀայաՔվեի» դեմքը»։ Ո՞նց կարող է Նաիրի Հունանյանը լինել «ՀայաՔվեի» դեմքը»:
Չալաբյանը նշեց, որ նման բաներն ուղղակի զարհուրելի են. «Անձամբ ես աշխատել եմ Վազգեն Սարգսյանի կառավարությունում, հայրս աշխատել է Վազգեն Սարգսյանի հետ՝ ՊՆ-ում, ո՞նց կարող է Նաիրի Հունանյանը լինել «ՀայաՔվեի» դեմքը, մենք ենք՝ ՀՀ քաղաքացիներս ենք դեմքը: Ու այն սրիկաները, որոնք ուզում են ցեխ շպրտել «ՀայաՔվե»-ի վրա, ես համոզված եմ, որ «ՀայաՔվե»-ն նրանց կուղարկի պատմության աղբանոցը: «ՀայաՔվե»-ն ազնիվ, անկաշառ հայ մարդիկ են, որոնք ուզում են իրենց հայրենիքը պաշտպանել: Իրենց բոլոր փորձերը՝ «ՀայաՔվե»-ն կապել անցյալի հանցագործությունների հետ, ձախողված են: Դա մենք տեսնում ենք մեր ժողովրդի աջակցության մեջ: Երբ վերլուծում ենք այս ամենը, հասկանում ենք, որ գործող իշխանության սարսափը, որն իրենք պրոյեկտում են, մի քանի պատճառ ունի: «ՀայաՔվե»-ն բացարձակ նոր նախաձեռնություն է։ Այստեղ մարդիկ են, ովքեր նախկինում քաղաքականության մեջ չեն եղել, հիմա էլ փաստացի քաղաքականությամբ չեն զբաղվում: Սա քաղաքացիական հայտ է»: