10/07/2023 15:29
ԱԳՆ-ից ասում են՝ իրավասու մարմինը ոստիկանությունն է, ոստիկանությունից էլ հայտնում են, որ սահմանային անցակետերում գործառույթ չեն իրականացնում. ID քարտերով Վրաստան գնալու ոդիսականը
Վերջերս ՀՀ ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիր, ըստ որի ՀՀ քաղաքացիները հուլիսի մեկից կկարողանան ID քարտերով մուտք գործել Վրաստան։ Սա մեծ ոգևորություն էր առաջացրել քաղաքացիների շրջանում, քանի որ կարծում էին՝ այլևս կխուսափեն անձնագրայիններում հերթերից՝ ելքի կնիք ստանալու համար։ Նկատենք, որ հանգստի սեզոն է և մեծ հոսք կա դեպի Վրաստան։
Սակայն, օրերս քաղաքացիներն ահազանգեցին, որ նույնականացման քարտով հնարավոր չէ հատել ՀՀ-Վրաստան սահմանը։
Ի դեպ, հուլիսի 7-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշված է. «2023 թ. հունվարի 12-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023 թ. հուլիսի 1-ից»:
Հետագայում պարզվեց, որ եթե ցանկանում ես Վրաստան գնալ նույնականացման քարտով, ապա պետք է անպայման ունենաս սովորական կապույտ անձնագիր, որտեղ կլինի ելքի կնիք։ Դա մեծ վրդովմունք է առաջացրել քաղաքացիների մոտ, ովքեր նշում են, թե այդ դեպքում համաձայնագրի, որոշման առավելությունը ո՞րն է։
«Դա վերաբերում է համաձայնագրի կիրառմանը, որի համար պետք է դիմեք իրավասու մարմնին։ Դա ոստիկանությունն է։ ԱԳՆ-ի կողմից մեկնաբանման կարիք այս պահին չկա, մենք մեր կողմից ամեն ինչն արել ենք», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունը սահմանային անցակետերում գործառույթներ չի իրականացնում.«Դա կարգ է, որը գործում է շատ վաղուց։ Ես այդ օրինագիծը կարդացել եմ և այնտեղ կոնկրետ սահմանվում էր, թե որ քաղաքացին իրավունք ունի ID-ով սահմանն անցնելու։ Մի հատ կարգը պետք է հասկանալ»։