10/07/2023 19:00
Ինչպե՞ս վերացնել հղիության ընթացքում անհանգստացնող այրոցը
Բազմաթիվ կանայք հղիության ընթացքում գանգատվում են ստամոքսի խանգարումից և այրոցից, որոնք կարող են հանգեցնել ցավերի և անհարմարավետության:
Երբեմն այրոցի զգացումը կարող է շփոթվել ավելի լուրջ առողջական խնդրի հետ, որը կոչվում է պրեէկլամպսիա:
Հղիության վաղ շրջանում ստամոքսի խանգարումը կարող է առաջանալ հորմոնային փոփոխություններից: Հղիության երկրորդ եռամսյակում ստամոքսի խանգարումն ավելի հաճախակի է հանդիպում և կարող է լինել երեխայի կողմից ստամոքսը ճնշելու հետևանք:
Ստամոքսի խանգարման ախտանիշներից են՝
այրոց,
ռեֆյլուքս կամ ռեգուրգիտացիա, երբ սնունդը ստամոքսից հետ է հոսում վերև՝ մտնելով կերակրափող,
զկրտոց,
ստամոքսի ծանրության, փքվածության կամ լցվածության զգացում,
ինքնազգացողության վատացում,
փսխում,
Այրոցքը կոկորդի շրջանում կամ կրծոսկրի հետևում տեղակայված այրող ցավ է, որի պատճառը ստամոքսի թթվի՝ դեպի կերակրափող հետհոսքն է և լորձաթաղանթի գրգռումը:
Հղի կանանց մոտ ստամոքսի խանգարում կամ այրոցք կարող են առաջանալ հետևյալ պատճառներով՝
մեծ քանակությամբ սննդի ընդունում,
ճարպերով հարուստ սննդի ընդունում,
շոկոլադի կամ անանուխի ընդունում,
ծխախոտի օգտագործում,
մրգահյութերի կամ կոֆեինացված ըմպելիքների օգտագործում (սուրճ, թեյ, կոլա և այլն),
ուտելուց անմիջապես հետո ֆիզիկական աշխատանքի կատարում,
իրանի առաջ թեքված կամ կռացած դիրք,
տագնապի զգացում:
Եթե գանգատները թեթև են, հնարավոր է, որ սննդակարգի կամ ապրելակերպի որոշ փոփոխություններն օգնեն մարսողության խանգարման կամ այրոցքի կանխարգելմանը։
Կարելի է փորձել՝
սնվել ավելի փոքր չափաբաժիններով և ավելի հաճախակի,
խուսափել անկողին մտնելուց առաջ ուտելուց,
խուսափել այնպիսի ուտելիք կամ ըմպելիք օգտագործելուց, որոնք կարող են այրոցք առաջացնել,
խուսափել օրվա ավարտին թունդ սուրճ խմելուց,
խուսափել ուտելիքի և ըմպելիքի միաժամանակյա օգտագործումից․ դրանք կարող են ավելի ծանրաբեռնել ստամոքսը,
դադարեցնել ծխելը,
մահճակալի գլուխը բարձրացնել 10-15 սմ-ով,
պառկել ձախ կողմի վրա,
ուտելիս իրանը պահել ուղիղ,
օգտագործել մաստակ, որը կարող է խթանել թքարտադրությունը և օգնել թթվի չեզոքացմանը,
խուսափել ուտելուց անմիջապես հետո հորիզոնական դիրքով պառկելուց։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն:
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: