10/07/2023 22:12
Սնկային վարակի օջախները մարմնի մակերեսին. Ինչպե՞ս տարբերակել
Սնկախտը կամ մաշկի սնկային հիվանդությունը, ինչպես հուշում է անվանումը, պատճառվում է մանրադիտակային մեծության սնկերով։
Այդ ախտահարումներն ավելի հաճախ անվանում են տրիխոֆիտիաներ, դերմատոֆիտոզներ, դերմատոմիկոզներ կամ պարզապես միկոզներ։
Սնկերն ավելի լավ գոյատևում են տաք և խոնավ միջավայրերում, ուստի ոտնաթաթերը, աճուկները, գլխի մազածածկ մաշկը, մարմինը և երբեմն ձեռքի կամ ոտքի մատների եղունգները սնկերի աճի ու բազմացման համար համարվում են լավագույն հատվածները։
Մաշկի սնկային վարակների մեծ մասն ունի մեղմ ընթացք և կարող է ի հայտ գալ ցանկացած մարդու մոտ։ Դեռահասների և երիտասարդների մոտ սնկախտն ավելի հաճախ տեղակայվում է ոտնաթաթերում։ Այն հաճախ հանդիպում է նաև մարզիկների, հասարակական բաղնիքներից, լողավազաններից, մարզասրահներից ու խաղահրապարակներից պարբերաբար օգտվող մարդկանց շրջանում։
Սնկախտի նշաններից են կարմրավուն թեփոտվող ցանը, որը կարող է չորանալ ու մաքրվել, բշտիկները և քորը։
Երբեմն ցանը կարող է ի հայտ գալ որպես կլորավուն ախտահարված մակերես, որի կենտրոնական շրջանում մաշկն անփոփոխ է։
Մատների եղունգների վրա զարգանալիս սնկախտը կարող է առաջացնել դեղնավուն կամ սպիտակավուն գունափոխություն։ Գլխի մազածածկի շրջանում տեղակայվելիս, սնկախտը կարող է առաջացնել մազաթափության օջախներ։
Կախված մաշկի ախտահարված շրջանի տեղակայումից և սնկի տեսակից, տարբերում են մաշկի սնկային հիվանդությունների հետևյալ տեսակները՝
մարզիկի ոտնաթաթ կամ ոտնաթաթի էպիդերմոֆիտիա` ոտնաթաթի սնկային վարակ,
օնիխոմիկոզ` ձեռքի կամ ոտքի եղունգների սնկային վարակ,
մարմնի՝ ձեռքերի, ոտքերի կամ իրանի սնկային վարակ,
աճուկային էպիդերմոֆիտիա՝ աճուկային և անութային (թևատակ) շրջանի վարակ,
ձեռքի ափի էպիդերմոֆիտիա՝ դաստակի և ձեռքի ափի վարակ,
գլխամաշկի՝ գլխի մազածածկ շրջանի սնկիկային վարակ
դիմագլխային մկնատամ՝ դեմքի և գլխի մազածածկ շրջանի սնկիկային վարակ,
դեմքի սունկ` դեմքի շրջանում վարակ:
Բժշկի պետք է այցելել, եթե առկա են մաշկի անբացատրելի քոր, գրգռվածություն և այլ նշաններ։ Կարևոր է չզբաղվել ինքնաբուժմությամբ և հետևել սնկային վարակների կանխարգելման հստակ կանոններին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ