10/07/2023 14:08
Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության հիման վրա հարուցված քրեական վարույթը կվերաբացվի
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի հիման վրա հարուցված քրեական վարույթը նորից կվերաբացվի։
«Դատարանը հաստատել է, որ պետք է վերաբացվի, դատական ակտը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել», - Aysor.am-ին ասաց Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Դատախազությունը չի բողոքարկել դատական ակտը։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն կարճել էր աղմկահարույց զրույցի հիման վրա հարուցված քրեական վարույթը:
«Վարույթ իրականացնող մարմինը կայացրել է քրեական նշված վարույթի շրջանակներում երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, մեղադրանք չառաջադրելու մասին որոշում: Քանի որ որևէ հանցանքի առկայություն, ըստ էության, կատարված քննությամբ չի հաստատվել, այդ հիմքով վարույթը կարճվել է», - Aysor.am-ի հետ զրույցում ասել էր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, սակայն, վերացրել էր գործի վարույթը կարճելու մասին ՔԿ քննիչի որոշումը:
Վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեում նույնպես կարճվել էր հանցանքի բացակայության հիմքով։
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։
Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել, իսկ հրաժարական տալու դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, և նա մնալու է ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ:
Ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական հայտարարություններ էլ է անում։ Նա ասում է, թե չի ցանկանում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետ գա։
Հանրային հեռուստաընկերության եթերում Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, թե զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո ինքն արդեն գլխի էր ընկել, որ Վարդազարյանն իրեն ձայնագրում է։
Ջհանգիրյանը նշել էր նաև՝ եթե ամբողջական ձայնագրությունը Ռուբեն Վարդազարյանը ներկայացնի, ապա դա նրա համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ։
Նա նշել էր, որ հանդիպումը տևել է 2 ժամից ավելի. «Ես վստահ եմ՝ առաջին իսկ վայրկյանից այդ ձայնագրությունը կա, ուղղակի այդ 14 րոպեն ծաղկաքաղ է արված»:
Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել էր:
Հուլիսի 1-ին Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել: