10/07/2023 20:05
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի և Աբխազիայի միջև երկքաղաքացիության համաձայնագիրը վավերացնող փաստաթուղթը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Մոսկվայի և Սուխումի միջև երկքաղաքացիության մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը, որով ՌԴ քաղաքացիները կարող են Աբխազիայի քաղաքացիություն ստանալ՝ առանց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու, նույնը վերաբերում է նաև Աբխազիայի քաղաքացիներին։
Երկքաղաքացիության մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2022 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Մոսկվայում։ Դրանով սահմանվում է, որ կողմերից մեկի քաղաքացիներն իրավունք ունեն, չհրաժարվելով իրենց երկրի քաղաքացիությունից, ձեռք բերել մյուս երկրի քաղաքացիությունը, բացի այդ, անձինք, ովքեր 2008 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ ունեցել են Աբխազիայի քաղաքացիություն և այն պահպանել են մինչև այժմ, կարող են պարզեցված ընթացակարգով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն։
Երկքաղաքացիները՝ միաժամանակ երկու երկրների քաղաքացիներ հանդիսացող անձինք, օգտվում են սոցիալական ապահովության, կրթության, բժշկական սպասարկման իրավունքներից՝ համաձայն այն երկրի օրենսդրության, որի տարածքում նրանք մշտապես բնակվում են։ Նույն սկզբունքով է իրականացվելու նաև զորակոչը, ընդ որում, քաղաքացիները, որոնք զինծառայություն անցել են երկրներից մեկնումեկում, ազատվում են զորակոչից՝ մյուս երկրում։
Համաձայնագիրն ուժի մեջ է 5 տարի և ինքնաբերաբար երկարաձգվում է, եթե կողմերից որևէ մեկը նախապես գրավոր չի ծանուցում այն դադարեցնելու իր մտադրության մասին: